ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն. Հարությունյան

Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նխագահի աշխատակազմը:

Իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի հետ, ընդհանուր առմամբ, կա փոխըմբռնում:

«Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ մեր պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի մոտ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն: Համոզված եմ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային դրական մթնոլորտը միմիայն օգնելու է առկա մարտահրավերներին դիմակայելու և ստեղծված ծանր իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ջանքերին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով գործադիր-օրենսդիր համագործակցությանը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ արդյունավետության բարձրացման խնդիր է տեսնում և հանձնարարել է կառավարության անդամներին դրսևորել ավելի բարձր պատասխանատվություն ու համագործակցայնություն: Բացի նշվածից՝ նախագահը նախարարներին հանձնարարել է նաև պետական տարբեր ծրագրեր կյանքի կոչելուց առաջ քննարկումներ իրականացնել քաղաքական ուժերի և հանրային տարբեր շրջանակների հետ:

«Հանրության հետ պարբերական շփումները, բնակչության դիմումներին ու խնդիրներին պատշաճ արձագանքը և կանոնավոր ընդունելությունները, թափանցիկ գործելաոճը պետք է լինեն ձեր աշխատանքի անբաժանելի մաս, հակառակ դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում եմ կայացնելու»,- դիմելով գործադիրի անդամներին նշել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ սահմանադրական հնարավոր բարեփոխումների առաջարկը դեռևս անցած տարվա կեսից խորհրդակցությունների մակարդակով քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, սակայն հայեցակարգի ընդունման և հանրաքվեի կազմակերպման համար ճանապարհային քարտեզ ունենալու հարցերը պետք է դեռ քննարկվեն:

«Կարևորը՝ կա գիտակցում, որ սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերն ու առանձնահատկությունները և պետք է ուղենշեն այն ճանապարհը, որը մեզ չի շեղելու մեր պետականակերտման գաղափարից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, անվտանգային միջավայրի բարելավման և ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: