շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անելու եմ ամենը, որ իրավապահ մարմիններն ընթացք տան բոլոր առերևույթ իրավախախտումներին. Արցախի ՄԻՊ

Անելու եմ ամենը, որ իրավապահ մարմիններն ընթացք տան բոլոր առերևույթ իրավախախտումներին. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

 

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին: Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր»,– գրել է Բեգլարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջիկա օրերին ի մի կբերեն կատարած աշխատանքները և կհրապարակեն միջանկյալ ամփոփումը: «Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով»,– նշել է ՄԻՊ–ը։

Արտակ Բեգլարյանը հավելել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ: «Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով»,– գրել է Բեգլարյանը։

  • Կիսվել: