Անձամբ խոսել եմ «Կատարոյի» սեփականատերերի հետ և առաջարկել կարճ ժամանակում վերականգնել արտադրությունը. նախարար
Մենք հիմա Արցախի մեր գործընկերների հետ գույքագրում ենք այն բոլոր ընկերությունները, որոնք կորցրել են Արցախում, այդ թվում՝ ՛՛Կատարոն՛՛: Այս մասին կառավարության լրատվական վարչությանը տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես անձամբ խոսել եմ ՛՛Կատարոյի՛՛ սեփականատերերի հետ եւ առաջարկել եմ իրենց կարճ ժամանակում վերականգնել իրենց արտադրությունը:
Հիմա մենք սպասում ենք մեր արցախցի գործընկերների արձագանքին: Իրենք պետք է գույքագրեն բիզնեսները, եւ ՀՀ կառավարությունը ներդրում կանի՝ հետագայում փոքր, բայց շահույթ ակնկալելու նպատակով: Բայց կօգնի նաեւ, որ Արցախի տնտեսական ներուժը ոչ միայն վերականգնվի, այլ նաեւ առաջընթաց տեմպերով զարգանա՛՛: