երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցնող տարում Ստեփանակերտի քաղաքապետարանի գերխնդիրը մայրաքաղաքի վերքերն ամոքելն էր. Դավիթ Սարգսյան

Անցնող տարում Ստեփանակերտի քաղաքապետարանի գերխնդիրը մայրաքաղաքի վերքերն ամոքելն էր. Դավիթ Սարգսյան

Հետպատերազմյան ժամանակահատվածում Ստեփանակերտի Քաղաքապետարանի գերխնդիրը մայրաքաղաքի վերքերի ամոքումն է՝ վերակառուցման ու վերանորոգման տարբեր ծավալների ու բնույթի ծրագրերով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Պատերազմից առաջ մենք ունեինք մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման հավակնոտ գաղափարներ: Ավելին, որոշ գաղափարներ արդեն ծրագիր դառնալու ճանապարհին էին: Պատերազմը ստիպեց խմբագրել անելիքները: Անցնող տարում Քաղաքապետարանը աշխատում էր հնարավորինս մոտ լինել տուժած քաղաքացիներին՝ երբեմն նույնիսկ շեղվելով մեր իրավասությունների շրջանակից. ձեռք ենք մեկնել յուրաքանչյուրին, որովհետև գիտակցում էինք, որ նրանց խնդիրների կարգավորումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է և հիմնական նախադրյալը՝ քաղաքի բնականոն կենսագործունեության վերականգման համար: Մեր կատարած աշխատանքների մեծ մասը, բնականաբար, շինարարության ոլորտում էր: Հարկ եմ համարում նշել, որ բացի պատերազմի հետքերի չեզոքացումից, նաև ավելի հեռանկարային խնդիրներ ենք բերել օրակարգ: Օրինակը N 10 հիմնական դպրոցի հիմնանորոգումն է: Համալիրում շինաշխատանքները ընթանում են բնականոն հունով, և շենքային պայմանների արդիականացումն այլևս սարերի հետևում չէ: Նշեմ նաև, որ այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսել էինք 2021թվականի համար, իրականացված են: Ուշադրության կենտրոնում էին ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, այլև՝ ծայրամասային փողոցներն ու թաղամասերը: Որոշներում ճանապարհներն են բարեկարգվել, որոշներն էլ արտաքին լուսավորման նոր համակարգ կամ նորակառույց խաղահրապարակներ են ստացել: Մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ են փոխվել ու վերանորոգվել: Մայրաքաղաքի տարբեր հատվածներոմ խոշորածավալ շինարարական նախագծեր են իրականացվում, նոր բնակթաղամասեր են ուրվագծվում: Հասարակական նշանակության օբյեկտներն են ավելանում` աշխուժություն հաղորդելով Ստեփանակերտին: Ու քաղաքն ապրում է: Այն ավելի տարողունակ է դարձել. վերջին մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը զգալիորեն աճել է, քանի որ մեր տեղահանված հայրենակիցներից մոտ 15 հազարը հաստատվել է այստեղ: Նրանք արդեն մեր համաքաղաքացիներն են՝ իրենց ներկայությամբ Ստեփանակերտի դիմագիծը ավելի բազմազան դարձնելով։ Ամռան վերջին շաբաթներին մայրաքաղաքը կրկին բախվեց խմելու ջրի խնդրին: Այն հետևանք էր բնակչության թվի կտրուկ աճի, սպառման ծավալների մեծացման ֆոնին մեր ջրամատակարարման համակարգը սնուցող գետերի աննախադեպ սակավաջրության: Ի շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության աշխատակազմի շուրջօրյա հետևողական ջանքերի, ինչպես նաև այլ նախաձեռնությունների՝ խնդիրը հնարավոր եղավ լուծել: Ի դեպ, ևս մեկ անգամ հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը` այդ օրերին նրանց պատճառած անհարմարությունների համար։ Նոր ջրային ռեսուրսների ներգրավումը դարձավ հրատապ: Երկրի ղեկավարի հրամանով՝ խնդիրը մանրազնին ուսումնասիրվեց: Որոշվեց, որ համապարփակ և երկարաժամկետ կարգավորման տարբերակներից ամենաօպտիմալը Պատարա գյուղում նոր ջրամբարի և քաղաքի զտիչ կայաններ հասնող նոր՝ Ստեփանակերտ-Պատարա ջրագծի կառուցումն է: Այդ աշխատանքներն ընթանում են, և հուսով եմ, որ ջերմաստիճանի բարձրացումը մեզ էլ տհաճ անակնկալներ չի մատուցի»,-ներկայացրել է Դ. Սարգսյանը:

Ամփոփելով 2021 թվականը՝ մեր զրուցակիցը հիշատակեց Ստեփանակերտի քույր քաղաքի՝ Երևանի հետ համագործակցությունը:

«Պատերազմից հետո Երևանի ավագանու որոշմամբ ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերվել Ստեփանակերտին՝ խաթարված և վնասված ենթակառուցվածքները բարեկարգելու, վերակառուցելու համար: Նաև Ստեփանակերտի բիզնես միջավայրը բարելավելու ու տեղական արտադրողներին նոր հնարավորություններ ընձեռելու նպատակով Երևանում կազմակերպվել է «Արցախի բարիքները» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ: Համոզված եմ՝ հայկական երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությունը ավելի կամրապնդվի գալիք տարում: 2022-ի համար այլ անելիքներ ևս ունենք՝ ներքաղաքային ցանցը սպասարկող ավտոբուսների պարկի թարմացում, կանաչապատ տարածքների ընդարձակում, ջրահեռացման համակարգի արդիականացում, բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Թե որքանով կհաջողենք, կդատի ժամանակը»,-ընդգծել է նա:

Զրույցի վերջում քաղաքապետը շնորհավորել է համայն հայության գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Նրա խոսքով՝ 2021 թվականը լի էր բազմապիսի ծրագրերով ու հակասական տրամադրություններով: «Հուսահատվելու իրավունք չունենք: Պետք է համառորեն շարունակենք ապրել և արարել, պետք է անենք ամեն հնարավորը Արցախը հայկական պահելու համար: Դրան հասնելու ճանապարհը մեկն է՝ անխոնջ աշխատանք ու նվիրում գործին, գաղափարին, հայրենիքին: Արցախի յուրաքանչյուր համայնք՝ մեծ, թե փոքր, հոգատարության կարիք ունի։ Հակառակ խռովահույզ ապրումներին` պարտավոր ենք ապրել և ապրեցնել։ Ու թո՛ղ արցախյան երկինքը միշտ խաղաղ լինի, թո՛ղ բոլորս կյանքի և միմյանց հետ հաշտ ու համերաշխ լինենք»,-ընդհանրացրել է Դ. Սարգսյանը։

  • Կիսվել: