շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցած տարում ԱՀ քաղաքացիներն ազատվել են ավելի քան 100 մլն ՀՀ դրամի չափով պարտավորության կատարումից. Գլխավոր հարկադիր

Անցած տարում ԱՀ քաղաքացիներն ազատվել են ավելի քան 100 մլն ՀՀ դրամի չափով պարտավորության կատարումից. Գլխավոր հարկադիր

Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող  ծառայությունը հանդես է եկել 2021 թվականի ամփոփիչ հաշվետվությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հաշվետվության սկզբում ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում կառույցն ունեցել է խնդրահարույց գործեր, որոնց միջամտել են Արդարադատության նախարարության գործընկերների միջոցով, ինչպես նաև՝ իրավապահ համակարգի ռեսուրսներն օգտագործելով։
 
«Պատերազմը որոշ խնդիրներ է առաջացրել մեր աշխատանքում՝ մի կողմից ծանրաբեռնելով հարկադիր կատարողներին, մյուս կողմից՝ հոգեբանական ճնշում գործադրելով  նրանց աշխատանքի վրա։ Սրանք բնական են և հետպատերազմական իրավիճակին բնորոշ երևույթներ են, բայց, ամեն դեպքում, մեր առաքելությունը որևէ կերպ չի փոխվել, և մենք էլ ավելի հաստատակամ քայլերով պետք է առաջ գնանք»,-ընդգծել է նախարարը։
 
2021 թվականի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանը։
 
Նրա տեղեկացմամբ՝ 2021թվականը հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար եղել է ծանր աշխատանքային տարի: Հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունը՝ Ծառայությունը աշխատել է գերլարված ռեժիմով՝ ապահովելով քաղաքացիների դիմումներով բարձրացված խնդիրների անհապաղ լուծումը: Պարտապանների աշխատավարձերի, թոշակների վրա բռնագանձում տարածելիս պարտադիր հաշվի է առնվել պարտապանի ընտանեկան և սոցիալական դրությունը:
 
«44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների և հաշմանդամություն ստացածների ընտանիքների անդամների, բռնի տեղահանվածների և զինվորականների նկատմամբ առանձին մոտեցում է ցուցաբերվել։ Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ օրենքի սահմաններում որևէ խնդրանք կամ դիմում անպատասխան չի մնացել: Աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով բարելավվել են նաև անձնակազմի աշխատանքային պայմանները, լրիվությամբ վերանորոգվել է Ծառայության մասնաշենքը, թարմացվել է նյութատեխնիկական բազզան, զգալիորեն աճել`աշխատանքի վարձատրության չափը»,-նշել է Ն. Գրիգորյանը։
 
Նրա խոսքով՝ մի շարք  «Վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» ԱՀ օրենքի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվել են վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը, ինչպես նաև՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից. արդյունքում կարճվել են  1421 կատարողական վարույթներ:  Կարճված կատարողական վարույթներով  քաղաքացիները ազատվել են ընդհանուր 100.169.000 դրամ պարտավորության կատարումից, որից կատարողական ծախսը կազմել է 8.300.000  դրամ։
 
«Հաշվետու տարում Ծառայությունում հարուցվել է  ընդհանուր 6.918 կատարողական վարույթ, 2020թ-ին՝ 6.200-ը: Աճը կազմել է 718 կատարողական վարույթ, կամ 10,4 %:
 
Կարճվել է 3.662 կատարողական վարույթ, 2020թ-ին՝ 2.633-ը:  Աճը կազմել է 1029 կատարողական վարույթ, կամ 28,1 %:
 
Ավարտվել է 2.168 կատարողական վարույթ, 2020թ-ին՝  2.699-ը: Նվազումը կազմել է 531 կատարողական վարույթ, կամ 19,67 %:
 
ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն տարածքային կատարման է ուղարկվել 826 կատարողական վարույթ, 2020թ-ին՝ 385 կատարողական վարույթ: Աճը կազմել է 441 կատարողական վարույթ, կամ 114,5 %:
 
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում կատարողական վարույթների մնացորդը կազմել է 3.844, 2020թ-ին՝ 3.148 կատարողական վարույթ: Աճը, 2020 թվականի համեմատ, կազմել է 696 կատարողական վարույթ, կամ 18,1 %:
 
Ընդհանուր բռնագանձված գումարը 2021թ-ին կազմել է 518.777.000  դրամ, նախորդ տարում՝ 729.911.000 դրամ: Նվազումը, 2020թ. համեմատ, կազմել է 211.134.000 դրամ, կամ 28,92 %:
 
Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 34.771.000 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 110.374.000 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 373.631.000 դրամ»,-ներկայացրել է ԱՀ Գլխավոր հարկադիր հարկադիր կատարողը։
 
Նա գոհացուցիչ է համարել հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կողմից կատարած լայնածավալ թիմային աշխատանքը և շնորհակալություն հայտնել  անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:
 
«Գտնում եմ, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով և հորդորում եմ անել առավելագույնը, որպեսզի որևէ հարկադիր կատարման ենթակա ակտ չմնա անկատար»,-ընդգծել է Ն. Գրիգորյանը։
 
Հաշվետվության վերջում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդմնակալության արարողություն։

  • Կիսվել: