ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցած շաբաթ Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 1038 զանգ

Անցած շաբաթ Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 1038 զանգ

2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1038 զանգ:

 Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 29, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 կանչ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը արձագանքել է ապրիլի 26-ին ժամը 22։55-ին, ստացված ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդմանը: Դեպքի վայր մեկնած արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը պարզել է, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և հարվածել ճամփեզրին գտնվող փայտյա տնակին, այնուհետև գլորվել ձորը։
 
Տնակում գտնվող քաղաքացիները հարվածից նույնպես հայտնվել են ձորում և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
 
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի 33-ամյա բնակիչ Ա.Մ-ին և Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Ի.-ին փրկարարական հատուկ միջոցներով հանել են ձորից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։
 
Փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են դռան 10 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 13 կանչերի:
 
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 6 հրթիռ, հրթիռակասետային 5 ռումբ, 16 պայթուցիչ, ականանետի 4 ական, 71 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 53 և նռնականետի 25 նռնակ:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 7 դեպք, որից 1-ը տրանսպորտում, 3-ը աղբանոցներում, 3-ը չոր խոտածածկ տարածքում:
 
Տրանսպորտում բռնկված հրդեհը գրանցվել է ապրիլի 26-ին, ժամը 14:55-ին, Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում: Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները: ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել: Նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։
 
Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել են:
 
Դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

  • Կիսվել: