շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ամուսինս  ու իր զինակից ընկերները ծրագիր էին մշակում, որ Հադրութը հետ բերեն»

«Ամուսինս ու իր զինակից ընկերները ծրագիր էին մշակում, որ Հադրութը հետ բերեն»

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված, ծնունդով հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանը զինվորական հարուստ կենսագրություն ուներ, մարտական ուղի էր անցել: Կինը` Ինարա Բաղդասարյանը, վստահ է եղել, որ իր` նման փորձառություն ունեցող ամուսինը պատերազմի ժամանակ կարող է խուսափել հակառակորդի թիրախը դառնալուց: Պատերազմի ժամանակ Աշոտն եղել է Հադրութի զորամիավորման մարտական գծով տեղակալը: 2020թ. հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն էլ զոհվել է Հադրութի վերին գյուղերում, ԱԹՍ-ի հարվածից, գրում է forrights.am-ը:

Ինարան ամենայն մանրամասնությամբ հիշում եւ ներկայացնում է, թե ամուսինն իր երեսուն տարվա զինվորական գործունեությունը որտեղ է անցկացրել:

«Ամուսինս մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, մեքենան պայթել է ականի վրա, ինքը հրաշքով ողջ է մնացել»,- հիշում է Ինարան:

Աշոտ Ղազարյանը վեց ամսով անցել է ռազմական կուրսեր, հետո ուսանել եւ ավարտել է Երեւանի «Վարդանանց » համալսարանը: Երկու տարի Աշոտը ուսանել է նաեւ Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիայում, ավարտելուց հետո վերադարձել Հայաստան: Նա ծառայել է Նուբարաշենի զորամասում, Դիլիջանում եղել է տանկային գնդի հրամանատարը, զորավարժությունների ժամանակ միշտ առաջին հորիզոնականն է նվաճել, փոխանցիկ դրոշն իր մոտ է եղել: Աշոտը ծառայել է նաեւ Էջմիածնում, որտեղ եղել է սակրավորների գունդը (հետմահու այնտեղ Աշոտ Ղազարյանի անունով դասասենյակ են բացել): Այդ ողջ ընթացքում, ըստ Ինարայի, իրենք` ընտանիքով, ապրել են անհանգիստ կյանքով, ամենուր ուղեկցել Աշոտին:

2020թ. հոկտեմբերի 1-ից Աշոտ Ղազարյանը պետք է աշխատեր ՀՀ պաշտպանության նախարարությունում, սակայն  նա հարազատներին տեղյակ է պահել, որ կգա միայն պատերազմի  ավարտից  հետո:

«Հադրութը գրավել էին ադրբեջանցիները, ամուսինս իր զինակից  ընկերների հետ ծրագիր էին մշակում, որ հետ բերեն: Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը: Զոհվել էր  Սեւ Հովազի` Ռուստամ  Գասպարյանի  հետ: Զոհվելուց  որոշ ժամանակ անց, երբ վերցրել էի իր հեռախոսը, այնտեղ տեսա, որ  որոշ ծնողներ գրել էին` մենակ Դուք կարող եք հասնել մեր երեխաներին, մեր երեխաները Վանք գյուղում շրջափակման մեջ են: Այդպիսի մի նամակ գրել էր Դավիթ Ասոյանի հայրը: Հետո իմացա, որ Դավիթը զոհվել է, հայրն էլ որոշ ժամանակ անց մահացել է: Ամիսներ շարունակ ինձ մտատանջում էր այն հարցը, թե արդյոք տղաները դո՞ւրս են եկել շրջափակումից: Հիշո՞ւմ եք, այդ տղաները, որոնք հայտնվել էին շրջափակման մեջ, ամիսներ անց  գտնվեցին սառցակալած: Նրանք թաքնվել էին անտառում եւ ողջ մնացել »,- պատմում  է  Ինարան:

Ինարան հիշում է, որ պատերազմից մոտ երկու ամիս առաջ, Տավուշի հայտնի դեպքերից առաջ ամուսինը  կանխատեսում էր լայնածավալ պատերազմի մասին:

Պատերազմի  օրերին նա միշտ հանգստացրել է մերձավորներին` ասելով, որ կռիվ-կռիվ են խաղում, հենց ավարտվի` կգա:

«Հոկտեմբերի 15-ի երեկոյան, ժամը 10-ին հետը  խոսեցի, ամեն ինչ նորմալ էր, առավոտյան զանգեցի, չէր պատասխանում, հետո զբաղված ցույց տվեց… Հետո իմացա, թե ինչ է եղել »,- ասում է Ինարան:

Ինարան նույնպես արցախցի է, նրա հարազատներն այսօր էլ ապրում են Արցախում եւ մտադիր չեն հեռանալ այնտեղից:

Պատերազմից եւ ամուսնու զոհվելուց հետո նա կարծում է, որ պետք է մեր բանակը լավագույնս զինվի ժամանակակից  զինտեխնիկայով: Նա պարբերաբար հիշում էր ամուսնու խոսքերը, որ մեզ հակառակորդը չի կարող հաղթել, մենք ավելի ուժեղ եւ խիզախ ենք:

Ինարան կարծում է, որ ամուսինն արժանի է ավելի բարձր կոչման` Արցախի հերոսի, թեեւ նրան Հայաստանի եւ Արցախի նախագահները  պարգեւների  են արժանացրել` առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների:

  • Կիսվել: