շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ակտիվ, աշխույժ, խիստ մրցակցային ընտրություններ են սպասվում Արցախում. Տիգրան Աբրահամյան

Ակտիվ, աշխույժ, խիստ մրցակցային ընտրություններ են սպասվում Արցախում. Տիգրան Աբրահամյան

2020-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Փետրվարի 5-ին մեկնարկել է թեկնածուների առաջադրման ժամկետը:

Արցախում ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ InfoPort.am-ը զրուցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Արցախում արդեն պաշտոնապես մեկնարկում է ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Խնդրում եմ գնահատեք՝ ի՞նչ քաղաքական իրավիճակ է այնտեղ:

Ընտրական գործընթացներին հատուկ ժամանակահատված է՝ իր բոլոր դրսևորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միանգամից երկու համապետական ընտրություններ են՝ նախագահական և խորհրդարանական, ընթացիկ ակտիվությունն առավել նկատելի է: Նախագահի թեկնածուներն ու քաղաքական ուժերն ունեն բոլոր հնարավորություններն իրենց ծրագրերն ու անելիքները արցախցիներին ներկայացնելու համար:

Մամուլում հնչում էին գնահատականներ, որ ընտրություններից առաջ «սև PR» է իրականացվում մասնավորապես Արայիկ Հարությունյանի նկատմամբ:Ի՞նչ կարծիքի եք, կա՞ նման բան:

Ընտրական գործընթացները որպես կանոն չեն շրջանցում նաև այդ տեխնոլոգիաները, բայց ես չէի ասի, թե դա միայն Արայիկ Հարությունյանի նկատմամբ է, չէի էլ ասի, թե ընդգծված հակաքարոզչություն կա կոնկրետ իր նկատմամբ:

Նախնական պատկերը՝ մոտավորապես հայտնի թեկնածուներով, ի՞նչ է Ձեզ հուշում, ինչպիսի՞ ընտրություններ է հնարավոր սպասել Արցախում:

Ակտիվ, աշխույժ, խիստ մրցակցային: Արվում է հնարավորը օրենքի գերակայության ապահովման և թեկնածուների համար հավասար մրցակցային հնարավորությունների ապահովման համար: Իհարկե, ռեսուրսային առումով թեկնածուներն ու քաղաքական ուժերը տարբերվում են, սակայն դրանք էլ իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներն ունեն:

Ինչպե՞ս են տարբերվում:

Կան քաղաքական ուժեր, որոնք մեկ կամ մի քանի տասնամյակ առաջ են հիմնադրվել, ունեն կուսակցական կառույցներ, ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ և այլն:Կան քաղաքական ուժեր էլ, որոնք 2018 կամ 2019 թվականին են ստեղծվել, կուսակցական շինարարության փուլը նոր են սկսել, կայացման փուլում են:

Վերջերս տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է ընտրություններում առաջադրման հայտ ներկայացնի Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին, կա՞ նման հնարավորություն:

Ես չէ, որ պետք է խոսեմ այս կամ այն անձի հնարավորության կամ քաղաքական հայտի մասին: Բացի այն անձանցից, ովքեր իրենց մտադրության մասին բարձրաձայնել են, այլոց ցանկությունների մասին տեղյակ չեմ: Կա առաջադրման ժամկետ՝ 10 օրից կիմանանք, թե ով է առաջադրվել, իսկ որոշ ժամանակ հետո՝ ով է գրանցվել:

Պարոն Աբրահամյան, հայաստանյան իշխանությունները շատ են հայտարարել, որ չեն միջամտի Արցախի նախագահի ընտրություններում: Ձեր դիտարկումները ի՞նչ են ցույց տալիս, չկա՞ իսկապես միջամտություն:

Հայաստանի իշխանությունների հետ կապված հարցերին աշխատում եմ չանդրադառնալ: Կարգավիճակս թույլ չի տալիս:

Կան պնդումներ, որ Հայաստանի նախկին իշխանությունները առանձին թեկնածուների միջոցով Արցախում միջամտում են ներքաղաքական անցուդարձին:

Արցախում ապրող և ընտրական իրավունք ունեցող մարդիկ իրենք են որոշում, թե ում ընտրեն: Ներկա, նախկին իշխանությունների վարքագիծը պետք է այս տրամաբանության մեջ դիտել:

  • Կիսվել: