երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ-ում առաջարկում են իրականացնել անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ. ընդունվում են հայտեր

ԱՀ-ում առաջարկում են իրականացնել անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ. ընդունվում են հայտեր

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը անասնապահությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին առաջարկում է անասնապահական ֆերմաներում շուրջօրյա կացության նվազագույն պայմանների ապահովման և անասնապահության մեջ ձեռքի աշխատանքի որոշ տեսակների՝ մեքենայացված աշխատանքով փոխարինման նպատակով իրականացնել անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Նախարարությունը առաջարկում է իրականացնել մասնավորապես անասնաշենքերի էլեկտրաֆիկացում՝ էլեկտրագծերով, արևային էներգիայով, ինչպես նաև ենթակայանների ձեռքբերման և տեղադրման միջոցով և անասնաշենքերի ջրաֆիկացում՝ ակունքի կառուցման, վերակառուցման, ջրագծերի անցկացման, նովերի, ջրային տարաների կառուցման և կամ տեղադրման եղանակներով: Սույն ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսավարողները, որոնք տիրապետում կամ պարտավորվում են պահել տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ և անասնաբուծությունն իրականացնում են Արցախում: Ծրագրի շրջանակում տրամադրվում է պետական աջակցություն՝ յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 000 դրամի չափով, որի 90 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը հայտատուն սեփական միջոցներով վճարում է կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությանը», -մանրամասնեց Գոհար Հայրապետյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան հայտ:

Նշենք, որ մանրամասների համար քաղաքացիները կարող են զանգահարել 047 94 29 73 հեռախոսահամարով:

  • Կիսվել: