երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՀ տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար

ԱՀ տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ փետրվարի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 84 հաղորդում։

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 15-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 32 վարորդ, 19-ը եղել է անսթափ վիճակում, 346 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 5 հանցագործություն: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտ քաղաքի վարչության, ինչպես նաև շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 4 դեպք:

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 10-ական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։

Թմրամոլության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանց աճեցման և իրացման դեմ ոստիկանության անզիջում պայքարը շարունակվում է: Այս մասով շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից տարածքում շարունակել է փետրարի 16-ից սկսած սադրանքները։

Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները գյուղի տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերահսկել օպերատիվ իրավիճակը: Իսկ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները բանակցություններ են վարել ադրբեջանական կողմի հետ: Կիրակի կեսօրից հետո՝ Ադրբեջանը դադարեցրել է սադրանքները:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: