ԱՀ ՊԵԿ-ը մեկնարկել է սեմինար-խորհրդակցություններ հարկ վճարողների համար
Հարկ վճարողներին հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների իրազեկման, հարկային վարչարարության հարցերի քննարկման նպատակով հուլիսի 13-ին մեկնարկել է հարկ վճարողների համար նախատեսված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Առաջին հանդիպումը կայացել է Մարտունի քաղաքում, որի ընթացքում հարկ վճարողներին ներկայացվեցին վարձու աշխատողների սահմանված կարգով ձևակերպման, նրանց վճարվող աշխատավարձերի մեծությունների լիարժեք հայտարարագրման, գործարքների փաստաթղթավորման և իրացման շրջանառությունների իրական մեծությունների արտացոլման ու հարկերի ժամանակին վճարման հետ կապված հարցերը, հետպատերազմյան շրջանում սահմանված հարկային արտոնությունների ու դրանց թվային ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները: Այնուհետև ներկայացվեցին 2022 թվականին հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, ինչպես նաև պատասխաններ տրվեցին հարկ վճարողներին հուզող հարցերին:
Առաջիկայում, համաձայն հաստատված ժամանակացույցի, սեմինարներ կանցկացվեն նաև Հանրապետության մյուս շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում: