ԱՀ պատգամավորներն ու գործադիր իշխանության ներկայացուցիչը հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջանի մի շարք համայնքներում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արեգ Ավագյանը, Արթուր Մոսիյանը և ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանն այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և ենթաշրջանի մի շարք այլ համայնքների բնակիչների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումներին ներկա էր նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը Թաղավարդի բնակչության հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը փակելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ապա նշել, որ օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած այցերի և հանդիպումների նպատակը տեղում առկա խնդիրներն արձանագրելն է ու դրանց լուծման համար համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:
Թաղավարդի և Կարմիր շուկայի բնակիչները բարձրաձայնել են անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, հացի առաքման և այլ անհետաձգելի աշխատանքների համար վառելանյութի տրամադրման, ինչպես նաև պահուստային տնտեսությունների կողմից համայնքի խանութներին տրամադրվող պարենային որոշ ապրանքների հավասարաչափ բաշխման վերահսկողական մեխանիզմների հարցերը:
«Գյուղի խանութներից մեկին որոշակի խմբաքանակով շաքարավազ և բրինձ է տրամադրվել, սակայն ոչ բոլոր ընտանիքներն են կարողացել օգտվել և համաչափ չի բաշխվել: Ես կխնդրեի, որ մեր համայնքապետը ցուցակագրի և բոլորն ըստ այդմ օգտվեն: Բացի այդ կարևոր է, որպեսզի այնպիսի քանակությամբ լինի որպեսզի գոնե ամեն ընտանիք մեկ կիլոգրամ կարողանա ձեռքբերել»,- մեզ հետ զրույցում ասել է Թաղավարդի բնակչուհի, գյուղի բուժքույր Էլմիրա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ նաև գյուղում շաքարային դիաբետով և հրատապ այլ դեղորայքի կարիք ունեցող հիվանդների դեղերը շրջկենտրոնից տեղ հասցնելու համար նաև ավտոմեքենայի վառելանյութի կարիք է զգացվում:
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ, օպերատիվ շտաբի անդամ Արայիկ Լազարյանն անդրադարձել է օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ չբացառելով, որ համապատասխան մեխանիզմների մշակումից հետո հնարավոր է ներդրվի կտրոնային համակարգ:
Նա հորդորել է բնակիչներին ըմբռնումով մոտենալ առկա պաշարներն արդարացի ու ռացիոնալ բաշխելու համար ներդրված որոշ սահմանափակումներին:
Ինչ վերաբերում է տրանսպորտային վառելանյութի խնդրին, ապա ըստ Արթուր Մոսիյանի, նպատակահրամար է, որպեսզի երկու հարևան գյուղերում առայժմ գործի շարժական գազալցակայան, որի առաջարկությունը կներկայացվի օպերատիվ շտաբին:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արեգ Ավագյանն էլ նշել է, որ շրջափակումն ընդհանուր առմամբ նորություն չէ, քանի որ եղել են ժամանակներ, երբ Արցախը կրկին շրջափակված էր ադրբեջանցիներով:
«Բոլորս միասին գոյատևել ենք: Պետք հիմա էլ համբերությունով լցվենք և միասնաբար պայքարենք և կարծում եմ հաղթանակը մերն է լինելու: Ամեն ինչ լավ է լինելու»,-համոզմունք է հայտնել պատգամավորը:
Խոսելով համայնքների բնակիչների հետ հանդիպումների նպատակներից և տպավորություններից, Արթուր Մոսիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրները յուրօրինակ են և յուրաքանչյուրում տարբեր առաջնահերթություններ կան, որոնք անհրաժեշտ է արձանագրել և առաջարկություններ ներկայացնել:
Տրամադրվող պարենամթերքի համաչափ բաշխման խնդրին անդրադառնալով, նա համոզմունք հայտնեց, որ մինչև կտրոնային համակարգին անցնելը տեղական ինքնակառավարման մարմինները, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը պետք է աջակցեն կառավարությանը՝ տրամադրվող խմբաքանակը հնարավորին արագ ու արդարացի բաշխելու համար: