երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Նախորդ շաբաթների համեմատ, 2022 թվականի հունվարի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում, ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է ընդհանուր 36 հաղորդում։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի։ Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել է անսթափ վիճակում, 356 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և խուլիգանության մեկական դեպքեր։ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարը շարունակվում է։

Նշված ժամանակահատվածում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 1 դեպք: Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

  • Կիսվել: