շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

ԱՀ ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

2022 թվականի հունվարի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 50 հաղորդում:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 35-ն արդեն բացահայտվել է:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության 4, խարդախության 2, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 6 դեպք:

Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 1 դեպք:

Բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Տեղացած ձյան պատճառով, հունվարի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ շաբաթների համեմատ կրկնապատկվել է ՃՏՊ դեպքերը:

Անվտանգ երթևեկությունը և դպրոցամերձ տարածքներում՝ երեխաների տեղաշարժն ապահովելու նպատակով՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Հանրապետության ամբողջ տարածքում:

Շաբաթվա ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար՝ հիմնականում նյութական վնասով: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 14 պատահար, որից 13-ը նյութական վնասով, մեկը՝ մարմանական: Պատահարների պատճառ է հանդիսացել ձյան տեղումները, դրա հետ կապված ցածր տեսանելիությունն ու վարորդների անուշադրությունը:

ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

Մեզ հետ կապ հաստատելու շուրջօրյա գործող հեռախոսահամարներն են՝ 102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07:

  • Կիսվել: