ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է ԱԽ ընդլայնված կազմով նիստ, որտեղ դրվել է պահանջ՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. Թովմասյան

ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է ԱԽ ընդլայնված կազմով նիստ, որտեղ դրվել է պահանջ՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. Թովմասյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան վերսկսված ինքնաբուխ հանրահավաքը շարունակվել է նաև երեկոյան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանրահավաքի մասնակիցներն ու ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել Արցախի ճակատագրի և կարգավիճակին վերաբերող խնդիրների վերաբերյալ:

Հանրահավաքի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է տեղակատվություն Երևանում Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակության հանդիպումների արդյունքի մասին:

«ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որտեղ հստակ դրվել է պահանջ, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու: Բարձրաձայնվել են բնակչությանը մտահոգող հարցերը: Մեզ հավաստիացրել են, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում»,- նշել է Ա. Թովմասյանը:

ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը կարևորել է միասնականությունը՝ խնդիրների լուծման և հաջողություններ կերտելու համար:

«Պատմության մեջ մեր բոլոր ունեցած հաջողությունները պայմանավորված են եղել միասնականությամբ: Հասարակության միասնությունը հնարավորություն է ստեղծում լուծել թե´ քաղաքական, թե´ տնտեսական խնդիրները: Ժամանակն է, որպեսզի հասարակության մեջ գոյություն ունեցող տարանջատումները, տարբեր մոտեցումները մի կողմ դրվեն և միասնական ճակատով կանգնենք պաշտպանելու երկրի սահմաններն ու մեր ժողովրդի իրավունքը»,-ընգծել է Վ. Բալայանը:

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ հանրահավաքի համար պատճառ են հանդիսացել վերջին զարգացումները: 

«Պետք է պայքարենք Արցախի հայկական լինելու համար»,-հավելել է նա:

 

  • Կիսվել: