ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները
ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները։
Նա,մասնավորապես, գրել է.
"Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն":
Նշենք նաեւ, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: