չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ կառավարության կողմից արդեն ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել․ ևս 600-ը շահագործման կհանձնվի այս տարի

ԱՀ կառավարության կողմից արդեն ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել․ ևս 600-ը շահագործման կհանձնվի այս տարի

Արցախը հայկական պահելու ամենակարևոր անելիքներից մեկը բնակարանաշինությունն է։ Խնդիրն առավել սուր է արտահայտվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո։ Սկսած 2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում։

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
 

Բնակարաններից 377-ը տրամադրվել է Ստեփանակերտում՝ նորակառույց շենքերում, որոնք կառուցվել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական միջոցների և Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց, տեղահանված, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, Պաշտպանության բանակի գործող և պահեստազորի զինծառայողների, հինգ և ավելի զավակներ ունեցող, փախստականի կարգավիճակ ստացածների ու ծնողազուրկ անձանց ընտանիքներին։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ 2022 թվականին շահագործման կհանձնվի շուրջ 600 բնակարան և բնակելի տուն, որի զգալի մասը՝ 90 տոկոսը, հանրապետության շրջաններում։

«Ստեփանակերտ քաղաքում մոտ 1300 բնակարանի շինարարական աշխատանքներ են սկսված, իսկ շրջաններում այդ թիվը հասնում է 1500-ի։ Արդեն պատրաստ են ևս 1000 բնակելի տան նախագծահաշվային փաստաթղթերը, որոնց շինարարությունը առաջիկայում կմեկնարկի։ Հանրապետությունում բնակարանային հաշվառման հերթացուցակներում ընդհանուր մոտ 8500 ընտանիք ունենք»,-մանրամասնել է Ա․ Մանգասարյանը՝ համոզմունք հայտնելով, որ շինարարական նման տեմպերով՝ առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել նրանց բնակապահովման խնդիրը։

  • Կիսվել: