հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝  նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին։ Ուղերձում,մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր  Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս,  ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք  փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է  անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի'ն հայրենակիցներ 

Կրկին շնորհավորելով  ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին  մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ  ապագայի հանդեպ»։

  • Կիսվել: