հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում լրացուցիչ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

ԱՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում լրացուցիչ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների դեկտեմբերի 14-ի համատեղ նիստում լրացուցիչ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Նախագծի շրջանակներում քննարկվել են առողջապահության ոլորտում որոշ ծրագրերի վերջնական մշակման մասին հարցերը։

«Առողջապահության նախարարը պարզաբանումներ է տվել բուժաշխատողների աշխատավարձերի մինչև 20 տոկոս բարձրացմանը, բուժհիմնարկներում բոնուսային համակարգի ներդրման ծրագրի կարգի մշակմանն ու գործարկմանն ուղղված պատգամավորներին մտահոգող հարցերին։

Նախարարը նշել է, որ բոնուսային համակարգի ներդրման հիմնական նպատակը 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում մեկնարկող անվճար բուժօգնության որակի ապահովումն է, ինչպես նաև բժիշկների՝ ըստ արժանվույն վարձատրվելը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում ներկաները որոշել են նախագծի մշակումից հետո Աժ համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստում ընդլայնված քննարկում կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ համատեղ նիստում քննարկվել են նաև 2022թ․ պետական բյուջեով նախատեսված «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով հատկացումների, հատկապես, մասնավոր ատամնաբուժական ծառայություններին տրամադրվող գումարների չափը և նախագծով սահմանված «Փորձի փոխանակման նպատակով հրավիրված և ուղեգրված մասնագետներին տրամադրվող փոխհատուցում» ծրագրի գումարի չափն ու նպատակայնությունը, ինչպես նաև վերահսկման մեխանիզմները։

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով և առաջարկություններով։

ԱՀ ԱԺ-ից հայտնում են, որ ոլորտի պատասխանատուները հավաստիացրել են, որ նման քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ բնակչության բուժսպասարկման որակի բարձրացման և բուժաշխատողի սոցիալական երաշխիքների ապահովման։

  • Կիսվել: