շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խիստ զբաղվածությունից՝ Արցախում ձեռնարկվող ռազմատենչ և ծավալապաշտական գործողություններով ստուգելով իր «կարմիր գծերը» Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հեռավար քննարկման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ լուրջ չէ տեսակետը, թե Ադրբեջանը կարող է «երկրորդ ճակատը» բացել Ռուսաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում, բայց, այդուհանդերձ, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ:

«Նմանատիպ բաները առաջին անգամ չեն տեղի ունենում: Այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամանակներում, իմ կարծիքով՝ կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Իսկապես Ռուսաստանը հիմա, մեղմ ասած, ժամանակ չունի Հարավային Կովկասով զբաղվելու համար, և այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, իր ձգտումների ու մտահոգությունների կենտրոնը չէ: Իհարկե, երկրորդ ճակատի մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ. ուղղակի մասշտաբներն են անհամեմատելի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից, որպեսզի ստուգի «կարմիր գծերը», փորձում է ճնշում գործադրել և տեսնել՝ որտեղ է ստացվում և որտեղ՝ ոչ: Ստուգել, իհա՛րկե, Ռուսաստանի արձագանքը, ոչ թե Արցախի կամ Հայաստանի Հանրապետության»,-ասել է Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը Արցախի դեմ կիրառում է այսպես կոչված՝ «սալյամիի մարտավարությունը», այսինքն՝ փորձում է կտորներով պոկել Արցախի հայկական հողերը, մյուս կողմից էլ՝ հասկանալ, թե որտեղ են իր «սահմանները»:

Պարզաբանելով իր խոսքը՝ Իսկանդարյանը նշել է. «Նկատի ունեմ ոչ թե աշխարհագրական սահմանները, այլ սահմանները այն բանի, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Այլ խոսքերով՝ ռուս խաղաղապահների վրա հարձակվելը առայժմ թերևս «վտանգավոր է առողջության համար», բայց նույնը կարող են փորձել անել արցախցիների դեմ և տեսնել, թե ինչ կլինի: Ռուսաստանի արձագանքը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները: Ռուսաստանը աշխատում է դիվանագիտական գործիքակազմով, համոզված եմ, որ ընթանում է բավական հագեցած բանակցային գործընթաց, հեռախոսազանգեր են հնչում այս կամ այն կողմից: Բայց դա, ցավոք սրտի, բավարար չէ: Ուստի տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց վախենամ, թե սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, և Ադրբեջանը շարունակելու է իր «սալյամիի մարտավարությունը», քանի որ այն ոչ թե պատահականություն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետևանք»:


  • Կիսվել: