երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Ղարաբաղի օկուպացված տարածքներում․ Բաբայան

Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Ղարաբաղի օկուպացված տարածքներում․ Բաբայան

Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները իբրև թե «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որն այցելել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա իր հեղինակած նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

«Իհարկե, մշակութային ցեղասպանություն է: Ընդհանրապես, մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողները, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Դա էլ է ցեղասպանություն: Այսինքն՝ ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է: Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, ասենք՝ Դադիվանքը: Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող», - մեկնաբանեց Արցախի արտգործնախարարը:
 

Թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիներն ու վանքերը հանկարծ պարզվում է, որ «աղվանական» են, և նույնիսկ եթե դրանք հին Աղվանքից մնացած կոթողներն են՝ ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի և ադրբեջանական մշակույթի հետ, Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա:

Հիմա ի՞նչ ասենք: Էդպես են իրենք գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ» այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել: Հիմա ունենք այսպիսի երկիր: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: Լավ, ինչքա՞ն պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»:

  • Կիսվել: