հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանում ոչ ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում ոչ ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել. Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ադրբեջանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին հետևել է բաց ռեսուրսներից և եզրակացությունը մեկն է՝ դրանք ժողովրդավարական ընտրություններ չի կարելի համարել: «Ակնհայտ է, որ ոչ ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել հարևան երկրում»,- InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ՄԻՊ-ը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ նման ընտրությունները թուլացնում են այդ երկրի դիրքերը միջազգային հարթակներում, Բեգլարյանն ի պատասխան նկատեց, որ միջազգային հանրության ակնկալիքները Ադրբեջանից ավելին չի էլ եղել:

Նրա դիտարկմամբ, որևէ երկրի դիրքեր կարող են միջազգային ասպարեզում թուլանալ, երբ այդ երկրից պահանջվում է բարձր մակարդակով, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, մինչդեռ Ադրբեջանից նման սպասելիքներ չեն եղել:

«Իհարկե, Ադրբեջանի դիրքերը այս առումով միշտ էլ թույլ են եղել, հատկապես վերջին տարիներին կոռուպցիոն սկանդալներից հետո: Դա նշանակում է, որ Արդբեջանի ժողովրդավարական կերպարը ընդհանրապես չկա, սակայն հարց է, թե այդ կերպարը որքանով է ազդում միջազգային հարթակներում որոշումների կայացման, հարաբերությունենրի իրականացման գործում: Այս հարցում ես բավականին հոռետես եմ: Ակնհայտ է, որ ժողովրդավարությունը համար մեկ կամ նույնիսկ առաջնահերթ ցուցիչներից մեկը չէ Ադրբեջանի հետ տարբեր կազմակերպությունների, ժողովրդավարական պետությունների հարաբերությունների ձևավորման կամ կայացման հարցում: Սա է խնդիրը: Հետևաբար ես չեմ կարծում, թե Ադրբեջանի դիրքերը աշխարհաքաղաքական լուրջ վնաս կունենան դրանից», - նշեց Արտակ Բեգլարյանը:

Նկատենք, որ ըստ նախնական տվյալների Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կստանա նոր խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ մոտ 69 տեղ 125 տեղից: Երկրի ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին:

Ընդդիմության ամենամեծ կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» բոյկոտել է ընտրությունները: Քվեարկությունն իրականացվել է մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկ մանդատ մեկ ընտրատարածքում: Ընտրությունների վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն 20 օրվա ընթացքում:

  • Կիսվել: