հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի պայթեցման, փականի տեղադրման առնչությամբ ԱՀ ԱԱԾ-ն քրգործ է հարուցել

Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի պայթեցման, փականի տեղադրման առնչությամբ ԱՀ ԱԱԾ-ն քրգործ է հարուցել

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը:
 
Նկարագրված դեպքի կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:
 
Սույն թվականի մարտի 22-ին Արցախի ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն՝ մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:
 
Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»:

 

  • Կիսվել: