հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի քայլերին հակադարձելու տարբերակներից մեկը խաղաղապահ առաքելության լիազորությունների ընդլայնումն է. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանի քայլերին հակադարձելու տարբերակներից մեկը խաղաղապահ առաքելության լիազորությունների ընդլայնումն է. ԱՀ ԱԺ պատգամավոր

Երբ զուգահեռներ ենք տանում Ուկրաինայի հետ կապված միջազգային կառույցների արձագանքի, կիրառվող պատժամիջոցների և Արցախում տեղի ունեցողի հանդեպ նրանց անտարբերության միջև, պարզ երևում է, որ այդ կառույցները երկակի ստանդարտներ են կիրառում։ Միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործողությունները, ըստ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, նրանց կողմից երկակի ստանդարտների կիրառման վառ վկայությունն են։

«Ցավալի է միջազգային կառույցների այդ գործելաոճը, առավել ցավալի է ՀՀ իշխանությունների, Արցախի իշխանությունների լռությունը։ Երբ հայաստանյան իշխանությունները խոսում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ Ադրբեջանը միևնույն ժամանակ գնում է նման քայլերի, հասկանալի է, որ խաղաղության օրակարգը լրիվ կեղծ է։ ՀՀ իշխանությունները չունեն հստակ ձևակերպված պահանջ և ոչ էլ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանին հակազդելու համար»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ պատգամավորը։

Գալստյանը շեշտում է՝ Ադրբեջանն ունի հստակ ծրագիր և այն տեսանելի է, բայց մենք չունենք մեր ծրագիրը, որը երկարաժամկետ կտրվածքով անվտանգության խնդիրը կլուծի։

«Ամենացավալին հենց դա է։ Մենք անպատրաստ ենք այսպիսի իրավիճակներում։ Բազմիցս խմբակցությունը հնչեցրել է այդ մտահոգությունը․ Արցախի իշխանությունը հրշեջի քաղաքականություն է վարում․ այդ պահին ծագած խնդրին կարճաժամկետ լուծում է տալիս»,-նշում է Գալստյանը։

Նրա արձանագրմամբ՝ պետք է փոխվի նաեւ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների անգործության մասին չբարձրաձայնելու, անգամ քողարկելու Արցախի իշխանությունների պահվածքը։

«Արցախի իշխանությունները ՀՀ օրվա իշխանությունների անգործությունը, քողարկում են այն դեպքում, երբ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո չի արվել որևէ գործնական քայլ, որը կփաստեր ՀՀ-ի՝ Արցախի անկախության երաշխավոր լինելը»,- ասել է գործիչը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել նաեւ նախորդ անգամ Արցախի գազամատակարարումը վերականգնելու համար․ գործը գլուխ է եկել՝ թեկուզ մի քանի օրով, խաղաղապահների միջնորդությամբ։

«2020թ․ սեպտեմբերի 27-ից հետո ՀՀ և Արցախի խորհրդարաններն անգամ մեկ համատեղ նիստ չեն ունեցել։ Միայն մեկ անգամ խմբակցությունների ղեկավարներով հանդիպել ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու ևս մեկ անգամ համոզվել, որ իրենք Արցախը դիտարկում են որպես բեռ։ Իրենց Արցախ չգալը փորձում են արդարացնել՝ պատճառաբանելով, թե, իբր, արցախահայության անվտանգությունից է դա բխում։ Բայց դրանք կեղծ թեզեր են։ Ադրբեջանը սադրանքների դիմում է՝ անկախ նրանց Արցախ գալ-չգալուց»,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը։

Գալստյանը ցավով է նկատում, որ ՀՀ իշխանություններն Արցախի հարցը երկրորդ պլան են մղել՝ առավել կարևորելով, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացումը։

«Դա, միանշանակ, մեր ազգային շահերից չի բխում։ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ տարբեր քննարկումներում ներգրավվելուց առաջ պետք է հստակ պահանջ ներկայացնեն, որ միայն Արցախի հետ կապված կարևորագույն հարցերը լուծելուց հետո այլ թեմայով քննարկում կարող է լինել։ Արցախի հարցը համազգային հարց է, այն միայն արցախահայությանը չի վերաբերում»,-ասում է Գալստյանը։

Ադրբեջանի քայլերին հակադարձելու, սադրանքները կանխելու մյուս տարբերակը, ինչպես նկատում է Գալստյանը, խաղաղապահ առաքելության լիազորությունների ընդլայնմամբ կարելի է հասնել, բայց դրա համար էլ Արցախի քաղաքական ուժերը գործիքակազմ չունեն․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ ստորագրել է ՀՀ վարչապետը և այդ գործիքակազմը, ինչպես նշում է պատգամավորը, ծառայեցվում է ոչ թե համազգային շահերին, այլ՝ Փաշինյանի թիմի քաղաքական կյանքը երկարաձգելուն։

Այս ամենով հանդերձ, արցախցի պատգամավորը համոզված է՝ համահայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն օր առաջ համախմբվելը, բանակը հզորացնելն ու համատեղ ուժերով լուծումներ գտնելն է։

  • Կիսվել: