շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահը քաջալերել է Արցախի շրջափակումն իրականացնող կեղծ բնապահպաններին

Ադրբեջանի նախագահը քաջալերել է Արցախի շրջափակումն իրականացնող կեղծ բնապահպաններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քաջալերել է Արցախի շրջափակումն իրականանցնող կեղծ բնապահպաններին։

Ընտրովի ԶԼՄ-ների հարցազրույցում Ադրբեջանի նախագահը ակցիայի մասնակիցներին անվանել է «հպարտություն», իսկ նրանց պահանջները՝ «արդարացի»։ «Իհարկե, բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք այդտեղով անցել են մինչեւ ներկա ակցիան, վերահսկողության տակ են եղել։ Ինչպե՞ս մենք իմացանք այն մասին, որ իրանական մեքենաներն այնտեղ վառելիք են տանում։ Մենք տեսանք այնտեղ։ Չնայած իրանական կողմը մինչ այդ փորձում էր հերքել դա»,- ասել է Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը միունույն ժամանակ հավաստիացրել է, որ ակցիայի նպատակը շրջափակումը չէ, այլ տեսչություն իրականացնելը, հանքերի շահագործումը դադարեցնելը։

Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են «բնապահպանական ակցիա», որի գլխավոր մասնակիցներն են քաղաքացիական հագուստներով հանդերձավորված զինվորականները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Արցախում դադարեցված են սննդամթերքների եւ դեղորայքի մատակարարումները։ Շարունակվող ակցիայի պատճառով անհնար է դարձել մաքրել ճանապարհը ուժեղ ձյունից հետո, ուստի ԿԽՄԿ մեքենաները, որոնք տեղափոխում են ծանր հիվանդների,  նույնպես չեն կարողանում անցնել։ Մոտ երկու շաբաթ առաջ Արցախի իշխանությունները հայտարարել էին այն մասին, որ հանքերի աշխատանքը կդադարեցվի, եւ դիմել էին ՄԱԿ՝ բնապահպանական փորձաքննություն անցկացնելու համար։ Վերջին հանգամանքը ցույց է տալիս, որ «ակցիայի» պատճառները շատ հեռու են բնապահպանական լինելուց։

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահը անձամբ է հովանավորում հայատյացությունը, այդ թվում անձամբ պարգեւներ շնորհելով բառիս բուն իմաստով մարդասպաններին ադրբեջանական հատուկ ծառայություններից։

  • Կիսվել: