երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից գերքայլեր չենք ակնկալում․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ  միջանկյալ միջոցներ կիրառելու մասին

Ադրբեջանի կողմից գերքայլեր չենք ակնկալում․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին

«Եվրոպական դատարան դեռևս դիմել էինք դեկտեմբերի 15-ին, դրանից հետո ամենօրյա ռեժիմով նոր թարմացումներ էինք տրամադրում , որը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ու զարգացումներին։Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել  էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց, անօթևան մնացած  անձանց վերաբերյալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի ներկայացրած պահանջը բավարարելուն և Ադրբեջանի նկատմամբ  միջանկյալ միջոցներ կիրառելուն։ 

Ըստ Կիրակոսյանի՝ Եվորպական դատարանի համար այս որոշումը կայացնելիս հիմք է հանդիսացել այն, որ հայկական կողմը շ՛եշտադրել է նաև արցախահայության կյանքի իրավունքի և դաժան, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու անհրաժեշտությունը, որը ամրագրված է նաև Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով․ «Բնականաբար, Եվրոպական դատարանն այս իրավիճակը պետք է կապի այդ երկուսի հետ։ Դատարանը պետք է տեսնի, որ իրավիճակը շարունակվելու դեպքում կարող է անդառնալի վնաս հասցնել այս երկու  հոդվածներով պաշտպանվող արժեքներին։ Երեկ Եվորպական դատարանը ուշ երեկոյան ծանուցեց մեզ իր կայացրած որոշման մասին, դատարանը նախ և առաջ հղում կատարեց 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել էր հստակ պարտավորություն՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների անվտանգ տեղափոխումը և հիշեցրեց նաև Ադրբեջանին իր կոնվենցիոն պարտավորությունների մասին և եզրափակեց ՝ ապահովել ծայրահեղ ծանի առողջական վիճակ ունեցող մարդկանց տեղափոխումը ՀՀ , ինչպես նաև այն բոլոր անձնաց, որոնք գտնվում են  ճանապարհին՝ անօթևան և առանց ապրուստի բավարար միջոցների»։ 

Կիրակոսյանը նշեց նաև, որ հրատապ միջոց ներկայացնելու այս պահանջը  ՀՀ-ն ներկայացրել է  ընդդեմ Ադրբեջանի  թիվ 4-րդ միջպետական գանգատի շրջանակներում․ «4-րդ գանգատը վերաբերում  է այս տարվա զարգացումներին Արցախում՝ Փարուխ,  Քարագլուխ գյուղերի հատվածում  ադրբեջանական ուժերի առաջխաղացումը և քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումը, գազանջատումները և նաև կրկին Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներն այս տարվա օգոստոսին»։

Ադրբեջանական մամուլով շրջանառվում են լուրեր, որ ՀՀ-ին մերժել է Եվրոպական դատարանը, հայտնեց Կիրակոսյանը և ընդգծեց, որ  միջանկյալ միջոցի կիրառման շրջանակում՝ «Ադրբեջանի կողմից գերքայլեր չենք ակնկալում»։ 

Ըստ նրա՝ ՀՀ-ի ակնկալիքները  դատարանից հասկանալի պատճառներով շատ բարձր չէին, որովհետև դատարանը իրավական տեսանկյունից ունի հստակ շրջանակներ նման միջոցներ կիրառելիս․ «Դատարանն անսահմանափակ չի գործում և նմանատիպ բարդ, կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց դատարանը սովորաբար խուսափում է»։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկատարի Եվրոպական դատարանի պահանջը՝ հարցին ի պատասխան Կիրակոսյանը նշեց,որ  այս հարցում  դատարանը ծանուցում է ԵԽ Նախարարների կոմիետին, որը քաղաքական մարմին է և հետևում է  դատարանի վճիռների կայացմանը։ 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը:

  • Կիսվել: