ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը». Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը». Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 31-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում տեղի է ունեցել «Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը» խորագրով կլոր սեղան-քննարկում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բանախոսներ,  Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը,  բուհի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիա Հակոբյանը, ընկերության անդամ Նելլի Խաչատրյանը քննարկման ընթացքում անդրադարձել  են  Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորմանը, անպատժելիության հետևանքներին, Արցախի շրջափակմանը, մշակութային ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը, սահմանամերձ բնակավայրերի թիրախավորմանը: 

Հովիկ Ավանեսովի խոսքով՝  միջոցառման առիթը 1920 թվականի մարտի 23-ին Շուշիի հայերի ցեղասպանությունն  ու  դրան հաջորդած Մարաղայի,  Բաքվի, Սումգայիթի, Գանձակի,Կիրովաբադի ջարդերն են:

«Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանություններն ու ջարդերը ոչ մի գնահատականի չարժանացան, որի արդյունքը եղան 1920 թվականի Շուշիի ջարդերը, որոնց զոհ են դարձել մոտ 8-10 հազար հայեր։ Եվ 1920 թվականին Շուշիում ոչ միայն  ցեղասպանություն իրականացվեց, այլև մեր հայկական բերդաքաղաքի մշակութային ժառանգությունը  գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց: Հենց այդ ժամանակահատվածում մեծ վնաս հասցվեց նաև Ղազանչեցոց սուրբ ամենափրկիչ եկեղեցուն: Եվ հիմա, երբ Ադրբեջանը  «վերականգնողական» աշխատանքներ է կատարում` իբր  վերականգնում  եկեղեցու նախկին տեսքը, այսինքն՝ մինչ այդ, իբր,  եկեղեցին գմբեթ չի ունեցել, մենք հաստատակամորեն կարող ենք պնդել, որ այդ ամենն իրականության հետ որևէ աղերս չունի: Որովհետև երբ մենք ուսումնասիրում ենք 20-րդ դարի ֆրանսիացի լուսանկարիչների գործերը և այլ աշխատություններ, պարզ տեսնում ենք, որ եկեղեցին  գմբեթ ունեցել է»,-ասել է Հ. Ավանեսովը:

Բանախոսն ընգծել է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանությունների ծրագիրը մինչ օրս չի փոխվել` Արցախում իրականացնելու  Նախիջևանի սցենարը:

ՈւԳԸ անդամ Նելլի Խաչատրյանն անդրադարձել է Սումգայիթյան ոճրագործություններին:

Нет описания.

«Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 1987 թվականի դեկտեմբերի կեսերից: Բազմաթիվ ականատեսներ պատմում են, որ Սումգայիթի և հարակից քաղաքների գործարանները 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի փետրվար սուր և ծակող գործիքների աննախադեպ չափով արտադրանք են թողարկել: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրականացնողների ձեռքի տակ եղել են հայերով բնակեցված թաղամասերի կոնկրետ հասցեները: Սա նշանակում է, որ զանգվածային կոտորածն ու ջարդը որպես խուլիգանական արարք որակելը, ինչպես մինչ օրս Բաքվի քարոզչամեքենան է ներկայացնում, իրականությանը չի համապատասխանում: Պետք է հաշվի առնել, որ, Սումգայիթի ջարդերին զուգահեռ, Բաքվի բազմաթիվ թաղամասերում ևս հայերի նկատմամբ տեղի էին ունենում ցեղասպանական գործողություններ: Սակայն այդ ոճրագործությունները որևէ համապատասխան արձագանքի չեն արժանացել: Կեղծ դատավարության արդյունքում հայերի ցեղասպանության զոհերի` Ադրբեջանի դատախազության կողմից հրապարակված թիվը ևս իրական չէ։ Կովկասագիտության կենտրոնի ղեկավարի և նրա հետ համատեղ  աշխատած մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սումգայիթում այդ օրերին մոտ 3000 հայ Է զոհվել: Այդ են վկայում խոսուն փաստերը: Սպանվածների դիակները նետում էին ծովը կամ  այրում: Այդ օրերին ոճրագործներն առաջնորդվում էին «Մահ հայերին» կարգախոսով, որն Ադրբեջան էր ներմուծվել Թուրքիայից: Եվ այս վարքագիծը որևէ քաղաքական ու իրավական գնահատականի չարժանացնելը ստեղծեց պարարտ հող հետագա հանցագործությունների համար»,-ներկայացրել է Ն. Խաչատրյանը:

ՈւԳԸ նախագահ Մարիա Հակոբյանն իր հերթին փաստեց,որ 1988 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կողմից բռնությունների նոր ալիք է սկսվում Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ:

«Զանգվածային բռնություններ են տեղի ունեցել ինչպես Գանձակում, այնպես էլ՝ Մինգեչաուրում, Շամխորում, Վարդաշենում, Խանլարում: Այդ բնակավայրերում ապրող հայերի մեծամասնությունն  արցախյան ծագում ուներ: Ադրբեջանը սրանով փորձում էր կոտրել հայերի ոգին, ճնշել արցախյան շարժումը` ցեղասպան վարքագիծ դրսևորելով հատկապես Գանձակում, երբ  ադրբեջանական հրոսակները, ներխուժելով Գանձակի ծերանոց,  սպանեցին 12 հայ ծերերի, որոնց մասնատված մարմինները գտնվել  են ավելի ուշ՝ 1990 թվականի ամռանը` Գանձակի մատույցներում, իսկ տղամարդկանց սպանդն իրականացվեց  դաժանաբար, քաղաքից  հեռու գտնվող տարածքներում»,-ընդհանրացրել է բանախոսը:

  • Կիսվել: