հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի «աղվանաուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը

Ադրբեջանի «աղվանաուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը

2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող  համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին: Այս մասին հայտնում  է monumentwatch.org կայքը։

Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու/ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։
 
Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը  Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր՝ ուր կավաշաղախ հատակի մեջ ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ եւ Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)։
 
«Աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման գործընթացի մասն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ,  նրանք այցելել և ուդիական էին հռչակել  Դադիվանքի վանական համալիրը, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիները, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի շարք այլ եկեղեցիներ։

  • Կիսվել: