շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ադրբեջանցիները Քարին Տակի գերեզմանների տակ ոսկու հանք են գտել, քանդում են, նաև Սղնախի գերեզմաններն են քանդել». Շուշիի քաղաքապետ

«Ադրբեջանցիները Քարին Տակի գերեզմանների տակ ոսկու հանք են գտել, քանդում են, նաև Սղնախի գերեզմաններն են քանդել». Շուշիի քաղաքապետ

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն ահազանգում է, որ ադրբեջանցիները ապամոնտաժել ու հեռացրել են Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները: Քանի՞ քանդակի մասին է խոսքը, ի՞նչ արժեքներ ենք կորցնում, և արդյոք մենք այդ մշակութային ժառանգությունը փրկելու ինչ-որ շանս ունեի՞նք: «Մեդիալաբի» այս և այլ հարցերին պատասխանել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նա նշել է, որ ինքը քանդակների թիվը չգիտի, բայց ամեն տարի արտասահմանից մասնագետներ էին գալիս և տարեկան 5-5, 10-10 քանդակ ավելացնում էին: Դա քանդակների մի մեծ պուրակի էր վերածվել:

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր չէր արդյոք որևէ կերպ դրանք փրկել՝ քաղաքապետնա սել է.  ՛՛Դե, էն ժամանակ ոչ մեկը չի մտածել, որ Շուշին կարող ենք կորցնել, որ քանդակների համար էլ մտածեինք: Ի վերջո, կերպարվեստի թանգարանն էլ է մնացել, քարերի թանգարանն էլ տեղափոխել էինք, բերել կերպարվեստի թանգարանում պահեստավորել, դա էլ է մնացել՛՛:

Ինչպես հայտնի է՝ նշվում է, որ պուրակից 51 քանդակ է բացակայում: Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը: Սարգսյանը անդրադարձավ հարցին, թե ի՞նչ կհաջողվի անել այս առումով:

Այդ առնչությամբ նա նշեց, որ  մի բան չի հաջողվելու:

՛՛Այդ լկտի ազգի հետ ի՞նչ պետք է հաջողվի, ոչ մի բան: Օրինակ՝ ես տեղյակ եմ, որ Քարին Տակի գերեզմանների տակ ոսկու հանք են գտել և դրած քանդում են, նաև Սղնախի գերեզմաններն են քանդել, որ իբր այնտեղով ճանապարհ են անցկացնում: Ամեն ինչ ուզում են վերացնել: Մեր Հովհաննես Մկրտիչ եկեղեցին են պայթեցրել: Այդքանից հետո ի՞նչ հույս ունենալ, որ քանդակները կփրկեն՛՛,-ասաց Շուշիի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ինչ կարելի է անել միջազգային հանրության միջոցով, քաղաքապետն ասաց, որ միջազգային հանրությունն էլ որևէ կերպ չի կարողանում օգտակար լինել:

՛՛Այսքան տարիների ընթացքում ի՞նչ են արել, որ հիմա անեն: Ադրբեջանցիները ո՛ր պահանջին են ենթարկվել, որ հիմա ենթարկվեն: Նախիջևանի հայկական խաչքարերը ամբողջությամբ ջարդել են, այդքան գրվել է, խոսվել, որևէ օգուտ չի տվել: Նրանք լկտիացել են և ոչ մեկին չեն ենթարկվում: Միայն ուժով կարող են նրանց ճնշել, ինչ-որ կա, ձեռքներից վերցնեն, այսինքն՝ պետք է նորից ազատագրել այդ տարածքները, ուրիշ լուծում չկա՛՛,-ասաց Սարգսյանը:

Հարցին՝ այս փուլում այդ ճանապարհը հնարավոր համարո՞ւմ է, նա ասաց, որ եթե խելոք մտածենք, իհարկե, հնարավոր է:

Խոսելով մշակութային ավերածությունների մասին՝ Շուշիի քաղաքապետը հայտնեց նաև, որ այս պահին Շուշիում ինչը հայկական է, 100 տոկոսով վերացված է: ՛՛Ամեն ինչ կամ ավերել են, կամ վերացրել՛՛,-հավելեց նա:

Քաղաքապետը խոսեց նաև այն մասին, թե շուշեցիների քանի՞ տոկոսը վերադարձավ Արցախ, և արդյոք շուշեցիները և՞ս կապահովվեն բնակարաններով:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այո՛, շուշեցիների համար ևս բազմահարկ շենքեր են սարքում: Նախկինում սկսածները ավարտման փուլում են, նաև նոր շենքերի հիմքերն են գցված: Դա երևի կտևի 3-4 տարի: Շուշեցիներին տեղավորելու են Ստեփանակերտում: Օրինակ՝ հադրութցիներին տեղավորում են Ստեփանակերտից մի քիչ ներքև ընկած հատվածում: Շուշեցիների մոտ 75-80 տոկոսը վերադարձել է Արցախ: Էլի մարդիկ են գալիս, ուղղակի ապաստանի հարցը լուծված չէ, թե չէ էլի կգան՛՛:

Նա նաև հավելեց, որ Արցախ վերադարձածների վարձի հարցը պետությունն է լուծում՝ որոշակի չափովի, իսկ մնացած մասով իրենք են տալիս:

Շուշիի քաղաքապետն անդրադարձավ նաև այն հարցին, թե, իր կարծիքով, Հայաստանի նոր խորհրդարանը կարողանո՞ւմ է իր առջև դրված խնդիրները լուծել, և արդյոք Արցախի ճանաչումը չպե՞տք է լիներ նոր խորհրդարանի օրակարգում:

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Երբ նայում եմ նոր խորհրդարանի աշխատանքը, ուզում եմ այլևս չնայել, որովհետև ոնց որ վեճի թատերաբեմի է վերածվել ԱԺ-ն: Մեկը մի բան է ասում, մյուսը քննադատում է, որևէ հարց չեն լուծում: Քննարկում են, թե ում տղան է վիրավորվել, դրանք ի՞նչ քննարկման թեմաներ են: Այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, ազգի հարցը պետք է լուծվի, ոչ թե անձնական հարցեր քննարկեն: Ես հիասթափված եմ, ես չէի սպասում, որ այսպես կլինի՛՛:

  • Կիսվել: