երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանցի «բնապահպանները» Կաշեն են գնացել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ․ Վարդաձորի գյուղապետ

Ադրբեջանցի «բնապահպանները» Կաշեն են գնացել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ․ Վարդաձորի գյուղապետ

 Ադրբեջանցի «բնապահպանները» Կաշենի հանք են գնացել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասել է Կաշենի հանքավայրի հարևանությամբ գտնվող Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի գյուղապետ Նելսոն Դանիելյանը։

«Խաղաղապահները նրանց ուղեկցել են միանգամից դեպի գյուղի տարածքում տաս տարուց ավել գործող Կաշենի հանք»,- նշեց նա։ Սակայն հանքի տարածք ադրբեջանցի «էկոլոգների» մուտքը երկու կողմից փակել են հանքի աշխատակիցները։ Ադրբեջանցիները հանքի աշխատողներին ասել են, թե եկել են ստուգումների ու, որ իրենց մուտքը պետք է թույլատրվի:

Բայց աշխատակիցների միահամուռ ջանքերով հաջողվել ադրբեջանցիներին հեռացնել, թե ինչքան ժամանակով հայտնի չէ։ «Փաստացի մնացել ենք մենք մեր հույսին»,- եզրափակեց գյուղապետը։ Նշենք, որ օրերս ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին Լաչինի միջանցքը, պահանջելով, որ Արցախը դադարեցնի իր տարածքում գտնվող հանքերի շահագործումը (խոսքը, մասնավորապես Կաշենի հանքի մասին է, խմբ․)։ Ռուս խաղաղապահների հետ բանակցություններից երեք ժամ անց ճանապարհը ի վերջո բացվեց։

Դրանից հետո Արցախի Իվանյան քաղաքում՝ ռուս խաղաղապահների կենտրոնատեղիում տեղի ունեցան բանակցություններ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-երի, «Ադրբեջանի Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «ԱզերԳոլդ» ընկերության ներկայացուցիչների հետ», որոնց մասնակցում էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Իսկ ահա այսօր արդեն Ադրբեջանական ԶԼՄ-երը լուր տարածեցին առ այն, որ «այսօրվանից ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության համաձայն Ադրբեջանի Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «ԱզերԳոլդ» ընկերության ներկայացուցիչները նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում բնական ռեսուրսների անօրինական շահագործման փաստի առնչությամբ»։

  • Կիսվել: