ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան. նոր մանրամասներ (տեսանյութ)

Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան. նոր մանրամասներ (տեսանյութ)

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:

«Ճանապարհը փակելու նպատակը  Վարդենիս տանող ճանապարհը մեզ համար ևս հասանելի դարձնելու պահանջն էր: Ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մինչդեռ,  այդ նույն՝ բավականին կարճ ճանապարհով դեպի Վարդենիս երթևեկելն անհասանելի է մեզ համար: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր, որպեսզի անվտանգ պայմաններ ապահովեն՝  այս ճանապարհով Վարդենիս հասնելու համար»,- ասաց Դրմբոնի համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ճանապարհը փակելու գործողությունը դադարեցրել են, որովհետև ադրբեջանական ավտոշարասյանն ուղեկցող խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը  խոստացել է իրենց խնդրագիրը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

 

«Հույս ունենք, որ խնդիրը դրական լուծում կստանա և կրկին ճանապարհը փակելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ավելացրեց Հակոբյանը:

Հունվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի հայ օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից հայտնի էր դարձել, որ Դրմբոնի բնակիչները փակել էին իրենց գյուղի տարածքով Քարվաճառ տանող ճանապարհը: Տեսանյութում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծում է, որ Վարդենիս տանող 90 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն՝  հարազատներին այցելելու համար,  ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել: Ուստի խնդրում են ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ու անխոչընդոտ երթևեկությունը դեպի Վարդենիս: Նույն տեսանյութում, գյուղացիներին մոտեցած ռուս խաղաղապահը նշում է, որ իրենց առաքելության նպատակը   հրադադարի ռեժիմի պահպանումն է և ենթակառուցվածքների աշխատանքի ապահովումը: 

«Այդ հարցը բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա»,- ասել է ռուս զինվորականը:

  • Կիսվել: