կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախբանկը 24 մլրդ դրամի վնաս է կրել, ինչն ազդել է ողջ բանկային համակարգի վրա

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախբանկը 24 մլրդ դրամի վնաս է կրել, ինչն ազդել է ողջ բանկային համակարգի վրա

Հայաստանի բանկերի միությունը հաղորդագրությամբ հրապարակել է ՀՀ բանկերի 2023 թ. վիճակագրական տվյալները։

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի բանկերի միության կողմից ամփոփված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ ՀՀ 18 առևտրային բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13․5%-ով՝ կազմելով 1 484 մլրդ․ դրամ:

2023թ․ ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9 191 մլրդ․դրամ։

Առևտրային բանկերի 2023թ․ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով  5 503 մլրդ․ դրամ։

Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել  են  5 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ)  աճը կազմել է 20.6%:

2023թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, 2022թ․ համեմատ (253 մլրդ․ դրամ)  ցուցանիշը նվազել է 9.2%-ով։

ՀՀ առևտրային 18 բանկերի 2023թ․ գործունեության տարեկան ամփոփ մյուս ցուցանիշները կներկայացվեն հաջորդիվ»։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքում  հրապարակել է ինֆոգրամա և գրել. «2023թ-ին առևտրային բանկերի զուտ շահույթը նվազել է, ինչը թերևս պայմանավորված է երկու բանկերի ցուցանիշով, նախ, հասկանալի պատճառներով 24 մլրդ դրամի վնաս է արձանագրվել Արցախբանկի մոտ, երկրորդ, անցած տարվա անոմալ աճից հետո կրճատվել է Էվոկայի զուտ շահույթը»։

  • Կիսվել: