ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը չպետք է ունենա հնարավորություն՝ դիտարկելու մեր խաղաղ բնակավայրերը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը չպետք է ունենա հնարավորություն՝ դիտարկելու մեր խաղաղ բնակավայրերը. Արցախի ՄԻՊ

Լուսադեմին՝ ժամը 05:50-ի սահմանում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել են պատեր, տանիքներ, նաև Կարմիր շուկայի բնակչի տան պատուհանը:

Փամփուշտը թափանցել է հյուրասենյակ, որտեղ գտնվել են տանտիրոջ անչափահաս երեք երեխան և կինը: Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել:

Արցախի դատախազությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դատախազին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է խաղաղ բնակիչների տները:

«Մենք որևէ ձևով սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի խաղաղ բնակչության համար, այդ թվում՝ մեր զինված ուժերը որևէ ձևով չեն դիտարկում որևէ ադրբեջանական բնակավայր կամ ադրբեջանական օկուպացիայի տակ այսօր գտնվող բնակավայր: Հենց այս տրամաբանությունից պետք է ենթադրվի, որ նաև ադրբեջանական կողմը չպետք է ունենա հնարավորություն՝ դիտարկելու մեր խաղաղ բնակավայրերը: Նրանց անգամ ներկայությունն այդ բնակավայրերի մերձակայքում հոգեբանական շատ լուրջ խնդիր է առաջացնում տվյալ բնակավայրի բնականոն կյանքի համար»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը:

  • Կիսվել: