շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների. Բեգլարյան

Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների. Բեգլարյան

Եթե մենք բոլորս որոշենք հեռանալ, մենք պարզապես կկորցնենք Արցախը: Արցախի ապագան պայմանավորված է այստեղ մեր ներկայությամբ, ժողովրդագրությամբ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա հիշեցրեց, որ, հնազանդվելով քաղաքացիական պարտքին եւ ձգտելով օրինակ ծառայել, նոյեմբերի 15-ին ինքն իր կնոջն ու երկուսուկես տարեկան երեխային բերեց Ստեփանակերտ` միաժամանակ գիտակցելով, որ ռիսկի է դիմում. ՛՛Կարծում եմ, որ մենք որոշակի պարտավորություն ունենք 90-ականների, 2016 եւ 2020 թվականների զոհվածների եւ վիրավորների առջեւ: Պարտավորության մի մասը այստեղ ապրելն ու երկիրը զարգացնելն է՛՛:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելը՝ Բեգլարյանը նշեց, որ ներկա պայմաններում տեսանելի ապագայում դա անհնար է:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ադրբեջանական հասարակությանը տասնամյակներ շարունակ կանխամտածված թունավորվել են հակահայկական տրամադրություններով: Դրա արտացոլումը պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություննե էին, տեղեկատվական դիվերսիաները:

Մենք տեսնում ենք մինչ օրս, որ հակահայկական տրամադրությունները դրսեւորվում են ամենուր, ընդհուպ այս պետության ղեկավարի հայտարարություններում: Այն, թե ինչպես է նրանց հասարակությունն արձագանքում սպանությունների եւ ծաղրանքների դաժան պատկերներին, ցուցնիշ է այն բանի, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների:

Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ֆիզիկապես ապրում ենք մեկ տարածաշրջանում, բնականոն հարաբերությունները ռացիոնալ առումով ձեռնտու են բոլորին: Բայց ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների, եւ նույնիսկ եթե նրանց կողմից կա քաղաքական կամք եւ գործուն ջանքեր, հակահայկական տրամադրությունները հասարակությունից հեռացնելը շուտ տեղի չի ունենա: Միգուցե ապագայում ինչ-որ ժամանակ դա հնարավոր կլինի, բայց ոչ տեսանելի հեռանկարում՛՛:

 

  • Կիսվել: