կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 32 տարի առաջ` այս օրերին...

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 32 տարի առաջ` այս օրերին...

1990 թ. հունվարի 12-15-ին, Բաքվի ջարդերին զուգահեռ` ադրբեջանցի ջարդարարները կազմակերպված հարձակում գործեցին Հյուսիսային Արցախի Մանաշիդ, Ազատ և Կամո գյուղերի վրա՝ էթնիկական զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պ. գ. թ., դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ Մհեր Հարությունյանը մասնավորպես նշել է.

«Այն, որ ագրեսիայի այդ բացահայտ ակտը հրահանգված էր ու ղեկավարվում էր ահաբեկչական մի կենտրոնից՝ Բաքվից, պարզ դարձավ տակավին հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) կազմակերպած հանրահավաքում հնչեցված Բաքվից հայերի վտարման և դեպի Արցախ լայնածավալ զինված հարձակում գործելու կոչերից:

Ի տարբերություն Բաքվում արդեն հունվարի 13-ին կազմակերպված և համատարած բնույթ ստացած հայերի ջարդերի, որոնք իրականացնող մոտ 50 հազարանոց ամբոխին միայն առանձին, օջախային դիմադրություն էր ցուցաբերվում, Հյուսիսային Արցախի աննկուն պաշտպանները արժանի հակահարված հասցրին ադրբեջանական հրոսակախմբերին և ստիպեցին ճողոպրել մարտի դաշտից:

Արցախի դեմ լայնածավալ պատերազմի նախապատրաստվող թշնամին հատկապես խոցելի ու անպաշտպան թվացող հայկական բնակավայրերի ուղղությամբ նախաձեռնած ագրեսիվ հարձակումներով ոչ միայն ուժի գործադրմամբ փորձում էր ահաբեկել հայազգի քաղաքացիներին, այլև մարտական կիրառության մեջ էր դնում օկուպացիոն ուժերը և մշակում ագրեսիայի մարտավարության տարրերը: Հայկական կողմը համարժեք պատասխան էր տալիս և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում թշնամու ագրեսիային դիմագրավելու և հայրենի հողը պաշտպանելու համար», - նշել է Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: