կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 34 տարի առաջ այս օրը` փետրվարի 22-ին, Ասկերանում կասեցվեց ադրբեջանցիների հարձակումը

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 34 տարի առաջ այս օրը` փետրվարի 22-ին, Ասկերանում կասեցվեց ադրբեջանցիների հարձակումը

 1988թ. փետրվարի 22-ին ադրբեջանցիների խառնամբոխը Աղդամից հարձակվեց Ասկերան ավանի վրա՝ սկսելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է. «Գազազած ադրբեջանցիների հոծ խմբերը մտան մոտակա այգիները և Կարկառ գետի ցամաք հունը:

Նրանք ճանապարհին վառում էին խոտի դեզերը, այգիների ցանկապատերը, պահեստները, պահակակետերը, հիմնահատակ ավերեցին Խրամորթ գյուղի ջրաղացը, մոտակա օժանդակ շենքերը: Շուրջ 10 հազար ադրբեջանցիների դեմն Ասկերանում առել են տեղի բնակիչները՝ շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանի ղեկավարությամբ:

Ասկերանի մուտքի մոտ ադրբեջանցիների առաջխաղացման թափը միանգամից կոտրվեց, մանավանդ, երբ իրարանցման մեջ սպանվեց երկու ադրբեջանցի: Բարեբախտաբար, Ստեփանակերտից օգնության հասան ոստիկանության ջոկատներ, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի կարգախմբեր:

Աղդամի խառնամբոխը, որի մի մասը դեռ տեղ չէր հասել, ստիպված հետ քաշվեց: Ադրբեջանցիների հետ առաջին բախումը ցույց տվեց, որ 7 միլիոնի անունից հոխորտացողները կազմակերպված դիմադրության հանդիպելիս միանգամից կորցնում են ցուցադրական արիությունը և խուճապի մատնվում:

Այսպիսով, հազարավոր ջարդարարների երթ կազմակերպելու, ամբոխին գրոհի հանելու, իշխանություններին շանտաժի ենթարկելու, Ասկերան ներխուժելու և այլ ահաբեկչական գործողությունների առաջնափորձն ապարդյուն անցավ», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: