չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` մարտի 12-ին, թշնամու զինված խմբավորումները վռնդվեցին Մարտակերտի շրջանից

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` մարտի 12-ին, թշնամու զինված խմբավորումները վռնդվեցին Մարտակերտի շրջանից

1992թ. մարտի 12-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը ռազմագործողություն սկսեցին ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտակա ադրբեջանական կրակակետերի վնասազերծման նպատակով, ինչի արդյունքում ազատագրվեցին Խաչենագետի հովտի կարևոր բնագծերը:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.
 
«Հայ ազատամարտիկների հարվածային ուժերը տարբեր կողմերից առաջ էին շարժվում: Ադրբեջանցի զինյալները նրանց դիմավորեցին փոթորկալի կրակով: Իսկ երբ հայ մարտիկները մոտեցան ռազմական հենակետի վերածված  առաջին տներին, ադրբեջանցի գրոհայինները խառնիխուռն կրակելով, փորձեցին նահանջել: Ազատամարտիկներն արիաբար առաջ էին շարժվում` արհամարհելով տների պատուհաններից տեղացող գնդացրային ու ավտոմատային կրակահերթերը: Հակառակորդը, չդիմանալով հայ մարտիկների անկասելի գրոհին, սկսեց փախչել: Նրան խուճապի էր մատնել հատկապես թշնամական հենակետի խորքի տներում բռնկված հրդեհը: Դեռևս գիշերը գրոհային ջոկատը սրընթաց մտել էր հենակետի վերածված գյուղը և հրդեհի օջախներ ստեղծելու միջոցով հոգեբանորեն ներգործել հակառակորդի վրա: Երեկոյան կողմ հենակետի վերածված գյուղն ազատագրվեց, ճնշվեցին բոլոր կրակակետերը: Պահակակետեր կարգվեցին, իսկ ազատամարտիկների շրջիկ խմբերը «սանրեցին» գյուղի տարածքը: Այդ օրերին ազատագրվեցին նաև մոտակա ևս չորս բնակավայրեր, որտեղից ադրբեջանցի ահաբեկիչները հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի և ճանապարհների ուղևորների վրա: Թշնամական կրակակետերի ոչնչացման ժամանակ Աղդամի շրջանից ոսոխի զինված կազմավորումները փորձեցին օգնության հասնել, նույնիսկ, ճեղքել ռազմաճակատի մի այլ տեղամաս և մխրճվել Ինքնապաշտպանության ուժերի դասավորության խորքը, դրանով, իբր, հարկադրելով ուժեր հանել ազատագրական մարտերի ճակատից: Այդ իսկ նպատակով, Աղդամի շրջանից 40 ադրբեջանցի գրոհայիններ զավթեցին Խրամորթ գյուղի վրա իշխող բարձունքը: Զրահամեքենայից ու գնդացիրներից կրակ տեղալով զավթիչների ուղղությամբ՝ ազատամարտիկները գրոհեցին բարձունքը: Թշնամին հանկարծակիի եկավ, քանզի հայ հետևակայինները գրոհել էին հակառակ թևից: Խուճապն այնքան մեծ էր, որ թշնամին իսկույն ճողոպրեց:
 
Նշված հենակետերի ազատագրումը կարևոր դեր խաղաց Մարտակերտի շրջանի հարավ-արևելյան սահմանագծի ամրապնդման, շրջանը Արցախի կենտրոնի հետ կապող, թերևս միակ՝ Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղի վրայով անցնող ավտոճանապարհի անվտանգությունն ապահովելու, առգրավված ռազմամթերքով ԻՊՈՒ-ի զինանոցը համալրելու առումով», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: