կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
50 հազար դրամ կրթաթոշակ, 50 հազար դրամ վարձավճարի համար. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման համար

50 հազար դրամ կրթաթոշակ, 50 հազար դրամ վարձավճարի համար. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը դեռ կիրարկման փուլ չի մտել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panoarama.am-ին հայտնեցին՝ մեկ ամսվա ընթացքում պետք է ընդունվեն ծրագրի գործարկման կիրարկումն ապահովող իրավական ակտեր։

«Ամեն դեպքում մենք ընդունում ենք  դիմումները։ Տարածքային կենտրոններն ընդունում են այն քաղաքացիների դիմումները, որոնք ցանկանում են օգտվել այս ծրագրից, նրանք հաշվառվում են որպես աշխատանք փնտրող անձ»,-ասաց ԱՍՀ նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու դառնալու համար սահմանափակումներ նախատեսված չեն։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի կառավարության նիստում հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։  Այն ունի երեք բաղադրիչ:

Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով,
երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով,և
երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Առաջին ուղղության դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։

«Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի կրթաշրջանը անցնելու վերաբերյալ վկայականը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։ Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։

Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները. այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- նույն նիստում ծրագրի պայմանները ներկայացրել էր ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Մինչ անհրաժեշտ իրավական ակտերը կընդունվեն ու  ծրագիրը  կմտնի պրակտիկ փուլ, նախարարության խոսնակ  Զ. Մանուչարյանի փոխանցմամբ, այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 700 անձ աշխատանքի է տեղավորվել Միասնական սոցիալական ծառայության ուղղորդումների միջոցով։

«Այսինքն բացի պետական աջակցության ծրագրից, մենք նաև ուղղորդումներ ենք անում։ Քաղաքացին դիմում է աշխատանք փնտրելու հարցում, նախարարությունը հավաքագրած ունի ու շարունակում է հավաքագրել այն գործատուների տվյալները, որոնք ունեն թափուր հաստիքներ։ Դրա համադրման արդյունքում մենք ուղղորդումներ ենք անում։ Երբ ասում եմ շուրջ 700 անձ, խոսքն այն մասին է, որ ուղղորդումներից հետո ունեցել ենք պատասխան տեղեկություն, որ նրանք աշխատանքի են տեղավորվել»,-մանրամասնեց նախարարության խոսնակը։

Պաշտոնական տվյալներով ամսական կտրվածքով Միասնական սոցիալական ծառայություն են դիմում 300-500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղերի պայմաններ և աշխատողների անհրաժեշտ հմտությունները:

  • Կիսվել: