շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. ԱՀ նախագահ

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ – կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։

Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։

Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։

  • Կիսվել: