երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
2021 թվականին Արցախում գրանցվել է 4125 արտակարգ պատահար․ Արցախի ԱԻՊԾ

2021 թվականին Արցախում գրանցվել է 4125 արտակարգ պատահար․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբը՝ ենթակա ստորաբաժանումներով, ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանին է ներկայացրել 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները։
 
2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, որից 2123-ը՝ տեխնածին, 47-ը՝ տարերային, 1955-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՝արտակարգ պատահարների ընդհանուր քանակը նվազել է 1552-ով։
 
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 149-ը։ Զոհերի թվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ 9 մարդ, հրդեհի և դժբախտ պատահարների դեպքերից՝ 6 մարդ, ևս 1 քաղաքացու դի հայտնաբերվել է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում։
 
2021 թվականի զոհերի և տուժածների մեծ մասը համապատասխանաբար բաժին է ընկել ՃՏՊ-ներին։
 
ԱԻ պետական ծառայությունը 2021 թվականի ընթացքում հանրապետության տարածքում անցկացվել է ջրամբարների, քարաթափումների և սողանքների վայրերի մոնիթորինգ, ըստ որի ուսումնասիրություններ են անցկացվել 6 քարաթափման, վայրերում, 19 վտանգավոր սողանքային գոտիներում և 15 ջրամբարներում։
Անցկացված մոնիթորինգի արդյունքում կազմվել է ակտ, որը ներկայացվել է Արցախի պետական նախարարին։
 
2021 թվականին Արցախի տարածքում գրանցվել է հրդեհների ընդհանուր 619 դեպք՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 659 դեպքի դիմաց։
 
Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղի է ունեցել հրդեհների թվաքանակի աճ, իսկ Ասկերանի, Քաշաթաղի և Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան) շրջաններում՝ հրդեհների քանակը նվազել է։
 
Հրդեհների գերակշիռ մասը կազմում է չոր խոտածածկ տարածքների դեպքերը, որի թվաքանակը կազմել է 376, 41 դեպք բաժին է ընկել բնակելի հատվածի հրդեհներին, 14-ը տեղի են ունեցել հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։
 
Հրդեհների առաջացման պատճառների կանխման նկատառումներից ելնելով՝ ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով, 2022 թվականին ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կուժեղացնի հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները Արցախի ամբողջ տարածքում։

May be an image of 4 people, people standing, military uniform and indoor

 

  • Կիսվել: