երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2007թ-ից առ այսօր Արցախում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել

2007թ-ից առ այսօր Արցախում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր, որը նշվում է 2007 թվականից:

Մալարիան էնդեմիկ, պարազիտար, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանդություն է, որը տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Մալարիայի հայրենիքն է համարվում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան:

Հիվանդությունը բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։

Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում:

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր միջոցառումների շնորհիվ Արցախում հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը և 2007թ-ից առ այսօր հանրապետությունում դեպքեր չեն արձանագրվել:

Չնայած վերջին ժամանակաշրջանի հաջողություններին, երկրագնդի բնակչության մոտ կեսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ մալարիայով վարակման մշտական վտանգ կա: Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով, հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: