ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ. Ռուբինյան

Իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ. Ռուբինյան

Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին միջազգային ճնշման առումով շարժ կա, ակնհայտ շարժ կա, և մեր խնդիրն է՝ մեծացնել այս ճնշումը։ Այս մասին ՛՛Ազատության՛՛ եթերում ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ գերիների հարցին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Չի լինելու մեկ կազմակերպություն կամ մեկ հայտարարություն որը կլուծի խնդիրը, սա որպես մեկ ամբողջություն է պետք դիտարկել՛՛։

Պատգամավորն անդրադարձավ նաև քաղաքացիական պատերազմի վերաբերյալ խոսակցություններին: Այս առնչությամբ նա ասաց, որ մեր երկրում կան ուժեր, որոնք ամեն առիթով նման խոսակցություններ են բացում. ՛՛Այս խոսակցություններն ուռճացված են, և ի վերջո, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի, պետք է լինեն երկու և ավել քաղաքացիների խմբեր, որոնք պատրաստ են իրար արյուն թափել։

Ես կարծում եմ, որ այս առումով մոր ժողովուրդը իմաստագույն ժողովուրդ է և երբևէ թույլ չի տա նման բան լինի։ Ատելության որոշակի մթնոլորտ կա իշխանությունից զրկված կրիմինալ խմբակների մոտ ժողովրդի հանդեպ և նաև սրա արդյունքում գուցե որոշակի ժողովրդի որոշակի մասի կողմից նրանց հանդեպ։ Բայց մեծ հաշվով մենք ունենք համերաշխ հասարակություն՛՛։

Հարցին, թե կա՞ արդյոք անպատժելիության մթնոլորտ, թե՞ ոչ՝ Ռուբինյանը պատասխանեց․ ՛՛Որոշակի խմբեր, օգտվելով այն առիթից, որ մեր երկիրն ապրում է ծանր օրեր և չափազանց մեծ կարոտախտով վերաբերելով կորցրած իշխանությանը, լկտիացել են շատ մեծ չափով, փաստ է։ Վերջին ամիսներին դրական տեղաշարժ կա այն առումով, որ այս մթնոլորտը կոտրվում է, և դա կապված է նաև, այդ թվում դատական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ՛՛։

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ն աստիճանաբար ոտք կկանգնի, և բոլոր ՛՛լկտիացողներն իրենց տեղը կգտնեն՛՛:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Ռուբինյանն ասաց, որ պատերազմում թերագնահատվում է Ադրբեջանի գործոնը։ Նա նշեց. ՛՛Եթե մեր պնդումը հետևյալն է, որ մեր դիվանագիտությունն է տապալվել, դրա համար պատերազմ եղավ, ես կարծում եմ, որ դա ինչ-որ չափով մաքրում է Ադրբեջանին մեղքից։ Իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ՛՛:

  • Կիսվել: