ԵԱ․ Պայքարն է սկսում Հայաստանի երիտասարդական թիմը
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին պայքարն է սկսում Հայաստանի երիտասարդական հավաքականը։
Ավագ մարզիչ Արտակ Այդինյանի եւ մարզիչ Հայկ Նազարյանի ղեկավարությամբ մրցահարթակ դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը:
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր եւ օղակների վարժությունների աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:
Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն է, երիտասարդական եվրոպական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:
Ռոբերտ Գյուլումյանը հավաքականի կազմում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում թիմային պայքարում բրոնզե մեդալակիր է: Շեքսպիր Գեւրոգյանի համար Եվրոպայի առաջնությունը լինելու է առաջին փորձը խոշոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնության թիմային պայքարում Հայաստանը 4-րդն էր, եվրոպական օլիմպիական փառատոնում դարձել էր բրոնզե մեդալակիր: