շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տավուշից Երևան երթի մասնակիցներն օրն ամփոփել են Հաղարծինի վանքում աղոթքով (տեսանյութ)

Տավուշից Երևան երթի մասնակիցներն օրն ամփոփել են Հաղարծինի վանքում աղոթքով (տեսանյութ)

Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ այսօր քայլերթ են սկսել դեպի Երևան։

Նախատեսվում է, որ նրանք Երևանում կլինեն մայիսի 9-ին:

«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,–երթից առաջ ասել է Բագրատ Սրբազանը։

Այս պահին որթի մասնակիցները հասել են Հաղարծին, որտեղի վանքում էլ աղոթքով ամփոփել են այս օրը:

Բագրատ Սրբազանը հնչեցրել է եկեղեցու զանգերն ու ասել. «Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։ Այդպես հեշտությամբ թողել ենք ամեն ինչ։

Մենք մի ազգի զավակ ենք, որին Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնենք զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան։ 

Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը, գիտությանն ու գիտակությանը, կարող ենք նայել  իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք այս ժառանգության տերն ենք ու վաստակել ենք»:

  • Կիսվել: