երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

 ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Քրեական ոստիկանության գլխավոր վարչության  ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի,  նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության, վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, մի քանի ժամ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ  աշխատանքներ պարզել են որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելած կասկածյալը պատրաստվում է լքել Հայաստանի սահմանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունն իր դրական արդյունքն է տալիս ու գրագետ աշխատանքի շնորհիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի և Տաշիրի բաժիների,  ինչպես  նաև ՀՀ  Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության,  վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի՝  գլխավորությամբ ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում  կասկածյալը երկու ոտքով հայտնվում է  ոստիկաների  թակարդում,  Գոգավանի անցակետի մոտ նա բռնվում  և տեղափոխվում  է ոստիկանության Արտաշատի բաժին։ 

Դեպքի առթիվ մայիսի 17-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ քր. օր-ի 44-155-րդ հոդվածի, 155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանների ու քննիչների աշխատանքների շնորհիվ ըստ ստացված օպերատիվ տվյալների պարզվել է որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Հակոբ Խ․-ն բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնկվել  իր համագյուղացի 36-ամյա Ստեփան Ս․-ի հետ, որի հետագա պարզաբանումները շարունակվել են Ոստան գյուղում, որտեղ մի կողմից Ստեփան Ս․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով, իր նրա հորեղբոր որդի Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Իվան Ս․-ի  հետ, իսկ մյուս կողմից Հակոբ Խ․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Համլետ Խ․-ի, Վահագն Վ․-ի, 28-ամյա Գեղամ Վ․-ի և 26-ամյա Գեղամ  Ա․-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում հանդիպել են Ոստան գյուղի գերեզմանատան, ՀՀ էլեկտրական ցանցերի ենթակայանի կից տարածքում, որտեղ Հակոբ Խ․-նը իջնելով  իր ավտոմեքենայից, իր մոտ ապօրինի պահած որսորդական հրացանից կրակոց է արձակել Ստեփան Ս․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին ի պատասխան Իվան Ս․-ն իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից արձակել է կրակոցներ, մարմնական վնասվածքներ պատճառել Հակոբ Խ․-ին և Վահագն Վ․-ին, որի հետևանքով Վահագն Վ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Հակոբ Խ․-ն հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի, Արտաշատի և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին ժամը 06։45-ի սահմաններում Իվան Ս․-ն Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել է դեպի Վրաստանի Հանրապետություն գնալիս, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ  քննիչի որոշմամբ նրան ձերբակալել են։ Նա տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Գեղամ Ա․-ն, Գեղամ Վ․-ն նույնպես հայտնաբերվել և ներկայացվել են մարզային քննչական վարչություն:

Դեպքի վայրի զնությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, 1 հատ մահակ, 1 հատ 9 մմ տ/չ-ի ատրճանակի փամփուշտի պարկուճ, 4 հատ 12 մմ տ/չ-ի որսորդական հրացանի պարկուճներ, 3 հատ 12 մմ տ/չ-ի փամփուշտներ և արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ Ստեփան Ս․-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին0 կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ էին հնչել, կար 1 զոհ և 1 վիրավոր։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը։ 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ու Արտաշատի դատախազ Ռեմ Ռշտունին։

Ոստիկանները գերեզմաններում հայտնաբերել էին հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: