շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն, բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:

Անդրադառնալով չեմպիոնությանը՝ Մխիթարյանը մասնավորապես ասել է. «Ամեն ինչ լավ է: Բնականաբար, շատ ուրախ ենք: Միշտ էլ հավատը եղել է, որ չեմպիոն կդառնամ: Երկար սպասեցի այս սկուդետոյին, բայց այն շատ արժեքավոր ու շատ սպասված է: Շատ ուրախ եմ այս նվաճման համար: 35 տարեկանում սկուդետո նվաճելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Կանգ չեմ առնելու այս նվաճման վրա: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ հաջորդ տարին էլ հաջող ստացվի»:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև ֆուտբոլում իր չիրականացած նպատակների մասին. «Նպատակներ շատ են եղել: Մանկությանս տարիների ամենաառաջին նպատակը եղել է «Արսենալում» խաղալը, որն ի կատար է ածվել: Միշտ երազել եմ խաղալ այդ ակումբում: Դեռ շատ նպատակներ ունեմ: Փորձում եմ հնարավորինս երկար խաղալ: Կարիերայի վերջում կհասկանամ արդյոք կարողացա՞ իրագործել բոլոր նպատակներս»:

Մխիթարյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելն ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկ առաջարկը:

«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ: Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը, գրում է armsport.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: