երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Յուպիտերի միգրացիան Արեգակնային համակարգի ծնունդից անմիջապես հետո ըստ ամենայնի, հանգեցրել է Երկրի և Մարսի մեծության նախամոլորակի՝ Թեյայի՝ Երկրի հետ բախման

Յուպիտերի միգրացիան Արեգակնային համակարգի ծնունդից անմիջապես հետո ըստ ամենայնի, հանգեցրել է Երկրի և Մարսի մեծության նախամոլորակի՝ Թեյայի՝ Երկրի հետ բախման

Լեսթերի համալսարանի բրիտանացի աստղագետները եզրակացրել են, որ Յուպիտերի միգրացիան Արեգակնային համակարգի ծնունդից անմիջապես հետո ըստ ամենայնի, հանգեցրել է Երկրի և Մարսի մեծության նախամոլորակի՝ Թեյայի՝ Երկրի հետ բախման: Այս աղետի արդյունքում Լուսինն առանձնացել է Երկրից։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ​​ամսագրում։

Ըստ գոյություն ունեցող տեսության՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ երիտասարդ Արեգակնային համակարգում անկայունության դարաշրջան էր տիրում, որի ընթացքում մոլորակներն ու այլ երկնային մարմինները քաոսային կերպով սկսել են տեղաշարժվել տիեզերքում:

 

Գազային հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը սկզբնական փուլում միմյանց ավելի մոտ էին: Ժամանակի ընթացքում տիեզերական ձգողականության փոխազդեցությունները հանգեցրին Սատուրնի, Ուրանի և Նեպտունի միգրացիայի՝ դեպի համակարգի արտաքին սահմաններ: Մինչդեռ Յուպիտերը գնաց հակառակ ուղղությամբ։ Գիտնականները ենթադրում են, որ դրա շարժումը ապակայունացրել է օբյեկտները Արեգակնային համակարգի ներքին հատվածում:  

Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կենտրոնացել է EL «էնստատիտ-խոնդրիտ» (Enstatit kondritlari) կոչվող երկնաքարի ուսումնասիրության վրա: Այն պարունակում է քիչ երկաթ և բաղադրությամբ և իզոտոպային հարաբերակցությամբ շատ նման է նյութին, որից առաջացել է Երկիրը: Միանմանությունները ցույց են տալիս, որ Երկիրը և EL-ը, ամենայն հավանականությամբ, խտացել են նախամոլորակային սկավառակի միևնույն հատվածից:

Սակայն EL-ի մայր մարմնի մյուս մասերը հայտնաբերվել են Երկրից բավականին հեռու՝ Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստղակերպների գոտում: Դա նշանակում է, որ անցյալում ինչ-որ փոխազդեցություն ցրել է այդ օբյեկտները. հավանաբար մի մեծ աստղակերպ բաժանվել է բազմաթիվ բեկորների և ցրվել տիեզերքով մեկ։ Գիտնականները ենթադրում են, որ այս ուժն անկայունության պատճառով առաջացած Յուպիտերի տեղաշարժը կարող էր լինել:

Աստղագետները համակարգչային մոդելավորման միջոցով հաշվարկել են, որ Յուպիտերի միգրացիան տեղի է ունեցել Արեգակնային համակարգի ծնունդից 60-100 միլիոն տարի անց: Մոտավորապես նույն ժամանակ Երկրին է բախվել Թեյա մոլորակը, ինչը ենթադրել է տալիս, որ այս բոլոր իրադարձությունները փոխկապակցված են եղել:

  • Կիսվել: