կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն

ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն

Մենք արդեն պայմանավորվել ենք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում: Այսօր մենք խոսում ենք արդեն ռեզիդենտ դեսպանությունների մասին: Մենք այսօր ստորագրեցինք երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթուղթ, տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, փաստաթուղթ, որ նախատեսում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծում: Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք վերջերս ունեցել ենք նաև տնտեսական ընդհանուր կոնֆերանս, որտեղ մեր բիզնես ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել խոսելու հնարավոր նոր համագործակցության մասին: Իհարկե, չենք կարող չկարևորել մարդկանց փոխայցելությունները և մարդկանց միջև ուղղակի կոնտակտները, և այս առումով կիսում եմ ձեր կողմից հաղորդված կարևորությանը՝ Wizzair-ի կողմից Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ չվերթերի մասին: Ես վստահ եմ, որ այս չվերթը պոպուլյար կլինի և՛ հայ, և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից»,- նշեց Արարատ Միրզոյանը՝ դիմելով Հունգարիայի իր գործընկերոջը:

«Հարաբերություններում չափազանց կարևոր է նաև տնտեսական փոխգործակցությունը, և ես ուզում եմ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորության հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությանը: «Սա մի նախագիծ է, նախաձեռնություն է, որը նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորա- և բեռնափոխադրումները և ծառայությունների փոխադրումները Արևելքից Արևմուտք, այդ թվում և՝ ՀՀ տարածքով: Նույն համատեքստում մենք դիտարկում ենք  նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարում ԵՄ անդամ երկրներ. կան այդ մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են կամ կսկսեն գտնվել իրականացման փուլում: Հայաստանը ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին»,- նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կա մի երկրորդ գործոն, որը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար, և դա խաղաղությունն է: «Ուզում եմ ևս մեկ անգամ օգտվել առիթից և վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը: Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես, Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը: Կան մի շարք սկզբունքներ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա Աթայի 1991 թվականին ստորագրված փաստաթղթի և դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա, արդեն նշեցի ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հուսամ՝ առաջիկայում այստեղ ևս շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել»,- ասաց Արարատ Միրզոյանը: 

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ նա ասաց. «Մենք մի գործընթացի մեջ ենք, որն էականորեն և նշանակալիորեն մոտեցնում է ՀՀ-ն ԵՄ-ին և ԵՄ-ն՝ ՀՀ-ին: Մեր օրակարգում մեր երկկողմ սեղանին է այս պահին նախաձեռնությունների մի նոր փաթեթ, և մենք այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք ԵՄ-ում նաև Հունգարիայի առաջիկա նախագահությանը, և վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև ձեր նախագահության ընթացքում»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: