կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով. ՊԵԿ

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով. ՊԵԿ

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով։

Ի՞նչ պետք է իմանալ սոցիալական վճարի վերադարձի մասին

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ փոխանցվում է գումարը։

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական վճարների վերադարձից

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար, որի արդյունքում նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

Ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական վճարը

Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի և 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։
Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ 6 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի և 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։

Ո՞ր դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը

Սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։ Սոցիալական վճարների հաշվարկն իրականացվում է աշխատավարձից, քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից և ձեռնարկատիրական եկամտից:

Ի գիտություն

Այն դեպքում, երբ շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:

 

  • Կիսվել: