երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի շուրջ հերթական ընդլայնված քննարկումը կայացել է սեպտեմբերի 9-ին՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Քննարկումը նախաձեռնել էր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Համաշխարհային Բանկի աջակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան Նունե Բակունցը, ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Երևանի քաղաքապետարանից, բիզնես ոլորտից, ուսանողներ, լրագրողներ։

Ողջունելով ներկաներին, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նախ շնորհակալություն է հայտնել գործընկերներին ներկայության և օրենքի նախագծի վրա աշխատանքային տարբեր փուլերում գործուն աջակցության և մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Քանի որ սույն օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթուղթ մշակող, ընդունող կամ նախատեսվող գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սուբյեկտների վրա, հետևաբար օրենսդրական այս կարգավորումն առնչվում է յուրաքանչյուրիս ներկայացրած ոլորտին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Նախագծի վրա բավականին մանրակրկիտ, համակողմանի՝ կարծիքների հավաքագրումով ուղեկցվող աշխատանք է տարվել, իրականացվել են ընդգրկուն կազմով հանրային լսումներ, առանձին հանդիպումներ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, հաշվի է առնվել ներկայացված առաջարկների մեծ մասը,-նշել է նախարարի տեղակալը։- Օրենքը կանաչ է Շրջակա միջավայրի գործունեության տրամաբանության շրջանակում, օրենքը բիզնեսի մասին չէ, այն ենթակառուցվածքների մասին չէ։ Տնտեսական զարգացումը և առաջընթացը չափազանց կարևոր է մեր պետության համար, սակայն, այս ամբողջը միայն բնության պահպանության և փրկության մասին է․ պետք է համատեղել երկու շահերը, այս դեպքում գերակայելով բնապահպանականը»։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը նաև կարևորել է դահլիճում ուսանողների ներկայությունը, քանի որ նրանք են այսօր մշակված օրենքների վաղվա շահառուները։

Ելույթներով հանդես են եկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն իր ելույթում նշել է․ «Մեր նպատակը լավագույն կարգավորումներն առաջարկող օրենսդրություն ստեղծելն է, այն իմաստով, որը հետագայում խնդրահարույց չի լինելու և հնարավորություն է տալու բոլորիս ավելի լավ օրենքներով առաջնորդվելով իրագործելի դարձնել մեր նպատակները։ Այս ընթացքում փաստացի մեր համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության հետ միտված է եղել հենց այդ նպատակի իրականացմանը և այն արդարացված կարող ենք համարել, որովհետև այդ համագործակցությունն արդյունավետ է եղել։ Այստեղ ներկա գերատեսչությունները ևս կփաստեն, որ օրենքի վրա շատ մեծ աշխատանք է տարվել։ Որևէ բան իհարկե, չի կարող կատարյալ լինել, մենք ձգտում ենք կատարելության, բայց դա անհնար երևույթ է»,-նշել է Արմենուհի Հարությունյանը և առաջարկել նման քննարկումների արդյունքում փորձել էլ ավելի լավարկել օրենքի նախագիծը,-փորձենք ստանալ մեր սերունդներին արժանի օրենսդրական կարգավորումներ»։

Նշվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման կարևորությանը և այդ համատեքստում օրենսդրական դաշտի լավարկմանը։ Նախարարի տեղակալը խոսել է նաև կանաչ կրթության և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում կրթության անհրաժեշտությունից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով գործընկերների խոսքը, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան Նունե Բակունցը նշել է, որ մարդու առողջությունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում`մեծապես շրջակա միջավայրի գործոններից և որ այս օրենսդրական կարգավորման հավասարապես շահառու է Առողջապահության նախարարությունը։

Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել պետական գերատեսչությունների կողմից օրենքի նախագծին ներկայացված կարծիքներին։

  • Կիսվել: